Արմինֆո. Պրահա-Երևան-Պրահա չվերթերի մեկնարկը տրված է: Այդ մասին հաղորդում է "Զվարթնոց" միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը ։
«Wizz Air ավիաընկերությունը ս.թ. հունիսի 26-ից մեկնարկել է Պրահա-Երևան – Պրահա երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ: Տոմսերի համար՝ wizzair.com: Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ», - ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ավիաընկերության ներկայացուցիչները ս. թ. մայիսի սկզբին հայտարարել էին Պրահայից դեպի Երևան ուղիղ ավիահաղորդակցության մասին: Հայկական շուկա Wizz Air-ի մուտքի մասին հայտարարվել էր 2019 թվականի դեկտեմբերին: Հունգարական ավիաընկերության կորպորատիվ հաղորդակցության ղեկավար Վալերիա Բրագարենկոն, հաշվետվություն ներկայացնելով հայաստանյան շուկայում 2 տարվա աշխատանքի համար, հաղորդել է, որ ընկերության մասնաբաժինը հասել է 12 տոկոսի, ինչը, նրա խոսքով, լավ ցուցանիշ է: Այդ ընթացքում ավիաընկերությունը տեղափոխել է ավելի քան 400 հազար ուղևորի՝ ընդգրկելով 9 ուղղություն՝ 8 երկրներում։
WizzAir-ը հունգարական բյուջետային ավիաընկերություն է, որն ստեղծվել է 2003 թվականի սեպտեմբերին, կենտրոնակայանը գտնվում է Վեչեշում։ Գլխավոր ներդրողը դարձել է ամերիկյան Indigo Partners մասնավոր ընկերությունը, որը մասնագիտացած է տրանսպորտի ոլորտում ներդրումների մեջ: Ավիաընկերությունը առաջին չվերթն իրականացրել է 2004 թվականի մայիսին Կատովիցեից՝ 19 օր անց այն բանից հետո, երբ Լեհաստանը և Հունգարիան անդամակցեցին ԵՄ-ին և ընդհանուր եվրոպական ավիացիոն շուկային։