Երեքշաբթի, 27 Հունիսի 2023 12:53
Ալինա Հովհաննիսյան

ՏԿԵ նախարար. Հայաստանի կողմից հայտարարված մի շարք միջազգային մրցույթներում չինական ընկերությունների մասնակցությունն ավելանում է

ՏԿԵ նախարար. Հայաստանի կողմից հայտարարված մի շարք միջազգային մրցույթներում չինական ընկերությունների մասնակցությունն ավելանում է

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնի գլխավորած պատվիրակությանը։ 

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ժամանակ քննարկվել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ 

Նախարար Սանոսյանը կարևորել է հայաստանյան տարբեր ոլորտներում չինական ընկերությունների ներգրավվածությունը և ուրախությամբ փաստել, որ Հայաստանի կողմից հայտարարված մի շարք միջազգային մրցույթներում չինական ընկերությունների մասնակցությունն ավելանում է։ Նախարարը կարևորել է Կապսի ջրամբարի շինարարության արդյունավետ ընթացքը։ 

Քննարկվել են նաև ՏԿԵ նախարարի՝ առաջիկայում Չինաստան պլանավորվող այցի մանրամասները։ 

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամը համաձայնագիր էր ստորագրել Կապսի ջրամբարի կառուցման միջազգային մրցույթում հաղթած չինական Shanxi Construction Investment Group Co և Shanxi Hydraulic Construction Engineering Bureau Group Co ընկերությունների հետ: Նախագծի ընդհանուր բյուջեն կազմում է 97,8 մլն եվրո, որից 68,5 մլն եվրոն KFW բանկի վարկային միջոցներն են, մնացածը ՀՀ կառավարության համաֆինանսավորումն է: Նախագծի իրականացման արդյունքում կբարձրացվի Շիրակի մայրուղային և Ախուրյանի աջափնյա ջրանցքների և դրանց կառավարման տակ գտնվող շուրջ 17 000 հա հողատարածքի ջրապահովման մակարդակը: Բացի այդ, հնարավորություն կստեղծվի 2280 հա հողատարածքի մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոս ոռոգմամբ, ինչը թույլ է տալիս տարեկան տնտեսել 1,3 մլն կվտ ժամ էլեկտրաէներգիա: