Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նրա տեղակալ Նարեկ Տերյանը մասնակցել են ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում անցկացվող «Իննոպրոմ-2023» արդյունաբերական-նորարարական ցուցահանդես-համաժողովին, որն այս տարի կրում է «Կայուն արտադրություն․ նորացման ռազմավարություններ» խորագիրը։
Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, միջոցառման շրջանակներում կազմակերպվել են մի շարք գործնական հանդիպումներ, որոնց ընթացքում նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության վերաբերյալ։
«Վերջին հինգ տարիների ընթացքում բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումները տալիս են իրենց պտուղները: Հայաստանում հիմնադրվել է չորս ՏՏ ընկերություն, որոնց կապիտալիզացիան գերազանցել է 1 մլրդ դոլարը։ Անցյալ տարի Հայաստանում բացվել է 12000 ընկերություն, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 1 մլրդ դոլար, այսինքն՝ ՀՆԱ-ի 5%-ից ավելին», - նշել է նախարարը։
«Իննոպրոմ» (ИННОПРОМ) միջազգային արդյունաբերական ցուցահանդեսն անցկացվում է 2010 թվականից։ Այն համարվում է Ռուսաստանի արդյունաբերական, առևտրային և արտահանման հիմնական հարթակը։
«Իննոպրոմ -2023» ցուցահանդեսի գործարար ծրագիրը հագեցած է և ներառում է ռազմավարական նստաշրջանից բացի մի շարք տարբեր միջոցառումներ ՝ բաժանված թեմատիկ ուղղությունների. նոր շարժունակություն, միջազգային համագործակցություն, թվային արտադրություն, նոր արդյունաբերական տեխնոլոգիաներ, արդյունաբերական ՏՏ, արդյունաբերության ֆինանսավորում, արդյունաբերության համար կրթական լուծումներ և այլն: Ցուցահանդեսին մասնակցում են ռուսական և արտասահմանյան ընկերություններ, որոնք ներկայացնում են իրենց նորարարական մշակումներն ու նախագծերը: Համաժողովն անցկացվում է լիագումար նիստերի, կլոր սեղանների, գործնական հանդիպումների և բանակցությունների, քննարկումների, շնորհանդեսային նստաշրջանների, վարպետության դասերի տեսքով, որոնց մասնակցում են գործարարներ, փորձագետներ, գիտնականներ և քաղաքական գործիչներ Ռուսաստանից և արտերկրից: