Չորեքշաբթի, 12 Հուլիսի 2023 11:14
Ալինա Հովհաննիսյան

Յենս Բրանդենբուրգ. գերմանական կողմը հետաքրքրված է Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցության խորացմամբ

Յենս Բրանդենբուրգ. գերմանական կողմը հետաքրքրված է Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցության խորացմամբ

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն ընդունել է ԳԴՀ կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Յենս Բրանդենբուրգի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը:

Ինչպես հաղորդել է Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը,  հանդիպման սկզբում Ռաֆայել Գևորգյանը համառոտ ներկայացրել է ՀՀ Կառավարության 2021-2026 թթ․ ծրագիրն ու առաջնահերթությունները և տեղեկացրել, որ կառավարության տնտեսական քաղաքականությունն ուղղված է գիտելիքահենք, նորարարական տնտեսության զարգացմանը։ Յենս Բրանդենբուրգն իր կողմից նշել է, որ գերմանական կողմը հետաքրքրված է Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցության խորացմամբ։

Այնուհետև զրուցակիցները քննարկել են այն ուղղությունները, որոնք առավել նպատակահարմար են արդյունավետ գործակցության ծավալման և փորձի փոխանակման տեսանկյունից՝ էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացիա, վերականգնվող էներգետիկա, կանաչ ջրածնի արտադրություն և տեղափոխում, արևային էներգետիկա և այլն։

Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ Հայաստանի և Գերմանիայի միջև առևտրաշրջանառությունը 2023 թվականի հունվար-մայիս ամիսներին աճել է 92,9 տոկոսով՝ ապահովելով 295 մլն դոլարի ծավալ։ Ընդ որում, արտահանումը կրճատվել է 14,2 տոկոսով, մինչև 40 մլն դոլար՝ ներմուծման 2,4 անգամ, մինչև 255 մլն դոլար աճի դեպքում։