
Արմինֆո. Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը և ArmWine ընկերությունը հուլիսի 9-10-ը ՌԴ Սանկտ Պետերբուրգում կազմակերպել են հայկական գինեգործությանը նվիրված ArmWine երկրորդ ցուցահանդեսը, որին մասնակցում էին պետական պաշտոնյաներ, գինեգործական 36 ընկերությունների հիմնադիրներ և ղեկավարներ, գինեգործներ Հայաստանից և Ռուսաստանից։ Հայ գինեգործները ներկայացրել են գինու ավելի քան 200 տեսակ
Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, ցուցահանդեսի մեկնարկին նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հանդես է եկել ելույթով՝ կարևորելով միջոցառման դերը հայկական գինեգործության զարգացման, հայկական գինիների առաջմղման, ինչպես նաև նոր շուկաների ինտեգրման գործում։
Միջոցառման շրջանակում կայացած պանելային քննարկումների ընթացքում Արման Խոջոյանը համակողմանի անդրադարձ է կատարել ոլորտի խնդիրներին, արտահանմանն առնչվող խոչընդոտներին, անհրաժեշտ իրավական կարգավորումներին և ԵԱՏՄ շուկայում հայկական գինու դիրքերի ամրապնդմանն ուղղված քայլերի հաջորդականությանը։
ArmWine 2023-ի պաշտոնական գործընկերն է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն։
Հիշեցնենք, որ ArmWine ցուցահանդեսն առաջին անգամ անցկացվել է 2022 թվականին Սանկտ Պետերբուրգում։ Ցուցահանդեսի ծրագիրը նախատեսում է գինու շրջանաձև համտեսումներ, գինու գնորդների և վաճառողների շնորհանդեսներ, պանելային քննարկումներ, գինու փորձագետների ելույթներ, կույր համտեսումներ, B2B, B2C հանդիպումներ: