Ուրբաթ, 11 Օգոստոսի 2023 10:57
Ալեքսանդր Ավանեսով

ԵՄ կողմից իրականացվող ծրագրերը սկզբունքային նշանակություն ունեն Հայաստանի կայուն զարգացման համար. փոխվարչապետ

ԵՄ կողմից իրականացվող ծրագրերը սկզբունքային նշանակություն ունեն Հայաստանի կայուն զարգացման համար. փոխվարչապետ

Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

 

Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը անձամբ իր և Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ԵՄ դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում, մասնավորապես Հայաստանի համար դժվար ժամանակահատվածում, կատարված կարևոր աշխատանքի և ներդրված ջանքերի համար:

 

ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի և իր պաշտոնավարման ընթացքում ձևավորված արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով ԵՄ պատրաստակամությունը շարունակելու աջակցել Կառավարության բարեփոխումներին:

 

Զրուցակիցները երկուստեք բարձր են գնահատել համագործակցության արդյունքում արձանագրված ձեռքբերումները ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման ուղղությամբ: Մասնավորապես՝ ընդգծվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում իրականացված բարեփոխումները, ինչպես նաև Տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված և իրականացվող ծրագրերը, որոնք հիմնարար նշանակություն ունեն երկրի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման համար:

 

Այս համատեքստում փոխվարչապետն ընդգծել է, որ Կառավարության համագործակցությունը Եվրոպական միության հետ արդեն մի քանի տարի ինստիտուցիոնալ բնույթ է կրում՝ տարբեր հարթակների միջոցով կողմերի միջև ապահովելով պարբերական և կառուցողական քննարկումներ ի նպաստ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը: