Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2023 20:11

ՏԿԵ նախարարը  ՌԵՈՒ-ի գլխավոր տնօրենի տեղակալի հետ քննարկել է ՀԿԵ զարգացման հարցերը

ՏԿԵ նախարարը  ՌԵՈՒ-ի գլխավոր տնօրենի տեղակալի հետ քննարկել է ՀԿԵ զարգացման հարցերը

Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վյաչեսլավ Պավլովսկու գլխավորած պատվիրակությանը։

 

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, նախարարը ողջունել է հյուրերին, կարևորել ընկերության հետ առկա համագործակցությունը․ «Երկաթուղին մեր տրանսպորտային ենթակառուցվածքներում բավական մեծ դերակատարում ունի։ Մենք պետք է համատեղ փորձենք աշխատել, որպեսզի եղած համակարգն ավելի բարելավենք՝ դարձնելով ավելի արդյունավետ և եկամտաբեր։ Հատկապես պետք է աշխատանք տանել ուղևորափոխադրումների հոսքի ավելացման ուղղությամբ»,-ասել է նախարարը։

 

Վյաչեսլավ Պավլովսկին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և բարձր է գանահատել ՏԿԵ նախարարության հետ փոխգործակցությունը։

 

Հանդիպման ժամանակ քննարկվել են կոնցեսիոն գույքի գույքագրման, ապագա ներդրումային ծրագրին վերաբերող, ինչպես նաև երկկողմ կարևորություն ունեցող մի շարք հարցերի։

 

Նախարար Սանոսյանի հետ հանդիպումից հետո քննարկումն ընդլայնված կազմով շարունակվել է ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի գլխավորությամբ։

 

Նշենք, որ ՀԿԵ-ն, որպես կարևոր ենթակառուցվածքային ձեռնարկություն, 2008 թվականին հանձնվել է Ռուսական երկաթուղիների կոնցեսիոն կառավարմանը: Ինչպես ավելի վաղ Արմինֆո-ին հաղորդել  էր ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, 2022 թվականին ընկերությունը փոխադրել է, ընդհանուր առմամբ, 3.5 մլն բեռ, ինչը 8% - ով բարձր է նախապես ծրագրվածից և 12% - ով բարձր է նախանցած տարվա ցուցանիշից: Ընկերության ներդրումային ծրագիրն ընթացիկ տարում կազմում է շուրջ 2 մլրդ դրամ։ Դրամական միջոցների մեծ մասն ուղղվում է ենթակառուցվածքների պահպանմանը, ուղիների վերանորոգմանը, կոնտակտային ցանցի, էլեկտրամատակարարման փոխարինմանը, քաշող ենթակայանների և շարժակազմերի վերանորոգմանը։