
Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի խորհրդական, ԻԻՀ ազատ գոտիների գերագույն խորհրդի քարտուղար Հոջաթոլլահ Աբդոլմալեքիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԻԻՀ֊ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։
Նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել է ազատ տնտեսական գոտիների շրջանակում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, կողմերն անդրադարձել են լոգիստիկ հարցերի, և պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել դյուրացնելու բեռնափոխադրումների ընթացակարգերը:
Երկուստեք կարևորվել է տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։
Ինչպես նաև քննարկվել են Պարսից ծոց-Սև ծով միջազգային բեռնափոխադրումների հետ կապված հարցեր:
Առանձին անդրադարձ է կատարվել նաև «Expo 2023 Իրանի ազատ գոտիներ» ցուցահանդեսին։
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը 2023 թվականի հունվար-հունիսին աճել է 11,8 տոկոսով ՝ կազմելով 344,2 մլն դոլար ։ Ընդ որում, արտահանումը կրճատվել է 7,5 տոկոսով՝ մինչև 53,6 մլն դոլար, ներմուծման 16,3 տոկոսով ՝ մինչև 290,6 մլն դոլար աճի դեպքում։