Արմինֆո. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջին փոխնախագահ և Հաճախորդների ծառայությունների խմբի ղեկավար Յուրգեն Ռիգտերինկը մեկշաբաթյա այց կկատարի Կովկասի տարածաշրջան երկուշաբթի օրը, 2023 թ․-ի սեպտեմբերի 4-ին: Այցը կմեկնարկի Հայասատանում, այնուհետև կշարունակվի Վրաստանում և կավարտվի Ադրբեջանում։
Ինչպես նշվում է բանկի պաշտոնական հաղորդագրությունում, առաջին փոխնախագահ Ռիգտերինկը, ՎԶԵԲ-ի Արևելյան Եվրոպայի ու Կովկասի գծով գործադիր տնօրեն Մատեո Պատրոնեի ուղեկցությամբ, կհանդիպի պետական պաշտոնյաների, կենտրոնական բանկերի ղեկավար կազմի, բիզնես առաջնորդների և յուրաքանչյուր երկրում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նա նաև կներկայացնի ՎԶԵԲ-ի Կովկասի տարածաշրջանի նախկին տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին հաջորդող Ալկիս Վրյենիոս Դրակինոսին։
Նշվում է, որ Հայաստանում առաջին փոխնախագահը վարկային գծի տրամադրման պայմանագիր կստորագրի տեղական գործընկեր բանկի հետ՝ միտված մասնավոր հատվածի զարգացման հետագա խթանմանը։ Վրաստանում պրն․ Ռիգտերինկը կազդարարի նոր նախագծի մեկնարկի մասին ՎԶԵԲ-ի հիմնական գործընկեր բանկերից մեկի հետ՝ որպես փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելու Բանկի հանձնառության մաս: Ադրբեջանում նա կմասնակցի Մասնագիտական կրթության պետական գործակալության կողմից կազմակերպված տեխնիկական և մասնագիտական կրթության և ուսուցման պետական-մասնավոր համագործակցության ծրագրի մեկնարկին, որն ուղղված է սննդի արտադրության ոլորտում հմտությունների զարգացմանը:
Այցին ընդառաջ պրն․Ռիգտերինկը նշել է․«Այս այցը հնարավորություն է հանդիպելու կառավարության ներկայացուցիչների և գործարար համայնքի անդամներին՝ քննարկելու տարածաշրջանում առկա առաջնահերթությունները, հատկապես հաշվի առնելով Ուկրանիայի դեմ Ռուսաստանի պատերազմը և ավելացող տնտեսական անորոշությունը։ Կովկասը կարևոր տարածաշրջան է Բանկի համար, և մենք հանձնառու ենք շարունակական աջակցություն առաջարկել ի նպաստ տարածաշրջանի կայուն տնտեսական զարգացմանը՝ ներդրումների, խորհրդատվական ծառայությունների և քաղաքականության ներգրավման միջոցով»:
Նշվում է, որ ՎԶԵԲ-ն ավելի քան 10 մլրդ․ եվրո է ներդրել տարածաշրջանի թվով 680 նախագծերում, թե՛ մասնավոր, թե՛ պետական հատվածներում:
Բանկի մայիսյան տարածաշրջանային կանխատեսման մեջ նշվում է, որ 2023 թվականին Արևելյան Եվրոպայի և Կովկասի տնտեսությունները (EEC) կշարունակեն հարմարվել Ուկրաինայում պատերազմի հետևանքով առաջացած շոկին։ Կովկասում 2022 թվականին աճի բարձր տեմպերը պայմանավորած գործոնները զգալի չափով վերացել են, ինչի արդյունքում ՀՆԱ-ի աճի ակնկալվող տեմպերը մոտեցել են դրանց միջնաժամկետ ներուժին։
Գնաճը համատարած աստիճանաբար նվազում է, բայց դրա տարեկան մակարդակը տատանվում է միանիշ թվերից։ Կարճաժամկետ հեռանկարում տարածաշրջանը մնում է խիստ ենթակա աշխարհաքաղաքական ռիսկերի։
Նշենք, որ մայիսին ՎԶԵԲ-ը բարելավել է Հայաստանի 2023 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 4%-ից մինչեւ 5%՝ ակնկալելով տեմպերը պահպանում նաև 2024 թվականին: Բանկը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է, ավելի քան 2 մլրդ եվրո ներդնելով 200 նախագծերում՝ աջակցելով մասնավոր հատվածի զարգացմանը և կայուն, կանաչ տնտեսության անցմանը: