Ուրբաթ, 8 Սեպտեմբերի 2023 16:01
Կարինա Մելիքյան

IDBank-ը ժամկետից շուտ ավարտել է 5 մլն դոլար ծավալով դոլարային պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխումը

IDBank-ը ժամկետից շուտ ավարտել է 5 մլն դոլար ծավալով դոլարային պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխումը

Արմինֆո. IDBank-ը ժամկետից շուտ ավարտել է 2023թ. հուլիսի 24-ին թողարկված 5 մլն դոլար ծավալով անվանական արժեկտրոնային դոլարային պարտատոմսերի հերթական տրանշի առաջնային տեղաբաշխումը: Այդ մասին նշվում է IDBank-ի հաղորդագրության մեջ, որտեղ նշվում է, որ Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակվելուց հետո այդ թողարկման (AMANLBB2LER8) պարտատոմսերը գնանշվելու են բորսայի հարթակում՝ շուկա ստեղծողի միջոցով:

 

Այս պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմում է 4.25%, շրջանառության ժամկետը' 27 ամիս, իսկ արժեկտրոնային վճարումների պարբերականությունը նախատեսված է եռամսյակը մեկ:

 

"IDBank-ի պարտատոմսերի նկատմամբ հետաքրքրությունն աճում է։ Եվ քանի որ պահանջարկը զգալիորեն գերազանցում է առաջարկը, մենք կշարունակենք պարտատոմսերի թողարկումը", - նշել է IDBank-ի ֆինանսական տնօրեն Արման Ասատրյանը, հավելելով, որ պարտատոմսերից ստացված եկամուտը հարկման ենթակա չէ, եւ դա գործիքը դարձնում է ավելի գրավիչ։

 

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները, ինչպես բանկային ավանդների դեպքում, երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

 

IDBank-ի պարտատոմսերի ծրագրային ազդագիրը ՀՀ ԿԲ-ն գրանցել է 2022 թվականի հոկտեմբերի 7-ին: Ազդագրի էլեկտրոնային տարբերակները և թողարկումների հիմնական պայմանները կարելի է գտնել IDBank-ի պաշտոնական կայքում:

 

Նշենք, որ 2023 թվականին IDBank -ի կողմից արդեն թողարկվել է 8 մլն դոլար ընդհանուր ծավալով դոլարային պարտատոմսերի 2 Տրանշ, մասնավորապես, վերը նշվածը (5 մլն դոլար ծավալով) և ս. թ. օգոստոսի սկզբին թողարկված 3 մլն դոլար ծավալով ։

 

Հայաստանի ֆոնդային բորսայում 2023թ. սեպտեմբերի 8-ի դրությամբ ցուցակված է IDBank - ի պարտատոմսերի 8 թողարկում, որոնցից 2 տրանշը դրամային է ՝ 2 մլրդ դրամ ընդհանուր ծավալով և 6 դոլարային ՝ 25.132 մլն դոլար ընդհանուր ծավալով։

 

ԱրմԻնֆո-ի պատրաստած Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի 30.06.2023 թ. տվյալներով՝ կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխումից IDBank-ի ներգրաված միջոցների ծավալը գերազանցում է 13.7 մլրդ դրամը (35.5 մլն դոլար)՝ այս տարվա առաջին կիսամյակում ավելանալով 6.4% - ով: Արժեթղթերով գործարքներից ստացված եկամուտներն աճել են 2 անգամ՝ մինչև 3.5 մլրդ դրամ (9 մլն դոլար), որոնց մասնաբաժինը բանկի տոկոսային եկամուտներում հասնում է 29% - ի, իսկ ընդհանուր եկամուտներում ՝ 17%-ի: Բանկը նաեւ տարեկան կտրվածքով էապես՝  2 անգամ, ավելացրել է արժեթղթերում ներդրումները՝ մինչեւ 57 մլրդ դրամ ($148 մլն):