Չորեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2023 15:59
Ալեքսանդր Ավանեսով

IFC-ի համագործակցությունը Հայաստանի մասնավոր հատվածի հետ կարևոր է լավագույն ստանդարտների ներդրման տեսանկյունից. փոխվարչապետ

IFC-ի համագործակցությունը Հայաստանի մասնավոր հատվածի հետ կարևոր է լավագույն ստանդարտների ներդրման տեսանկյունից. փոխվարչապետ

Արմինֆո.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ռոլանդ Փրայսին: Հանդիպմանը ներկա էին նաև Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Կառոլին Գեգինատը և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Հարավային Կովկասի տարածաշրջանի ղեկավար Իվանա Դուարտեն:

Կառավարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Համաշխարհային բանկի 2024-2028թթ․Երկրի գործընկերության նոր շրջանակի մշակման աշխատանքների շուրջ: Քննարկվել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերն ու հնարավոր համագործակցության նոր ուղղությունները: Փոխվարչապետը կարևորել է համագործակցությունը մասնավորապես կրթության, ենթակառուցվածքների զարգացման, կապիտալի շուկայի զարգացման, հանրային կառավարման բարեփոխումների և թվայնացման ոլորտներում: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են նաև տարածաշրջանային խոշոր ենթակառուցվածքային ծրագրերում Հայաստանի ներգրավման կարևորությունը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորանը կարևորել է նաև IFC-ի համագործակցությունը Հայաստանի մասնավոր հատվածի հետ՝ ընդգծելով դրա նշանակությունը միջազգային լավագույն փորձի և լավագույն ստանդարտների ներդրման տեսանկյունից: