Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2023 10:35
Նաիրա Բադալյան

ԻԻՀ դեսպանն ընդգծել է Իրանի կառավարության շահագրգռվածությունը ՀՀ հետ ֆինանսատնտեսական համագործակցության զարգացմամբ

ԻԻՀ դեսպանն ընդգծել է Իրանի կառավարության շահագրգռվածությունը ՀՀ հետ ֆինանսատնտեսական համագործակցության զարգացմամբ

Արմինֆո.Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանարապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:

 

Նախարարության հաղորդագրության համաձայն, Վահե Հովհաննիսյանը, շնորհավորելով դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու առիթով, հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստան-Իրան հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ավելի ամրապնդվել:

 

Մեհդի Սոբհանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար ու ընդգծել ԻԻՀ կառավարության շահագրգռվածությունը` ֆինանսատնտեսական համագործակցության բոլոր ուղղություններով երկու երկրների կապերը զարգացնելու հարցում:

 

Նախարար Հովհաննիսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել դեսպանին եւ պատրաստակամություն հայտնել ակտիվ համագործակցել ենթակառուցվածքների ֆինանսավորման, առեւտրաշրջանառության ընդլայնման, մասնավոր ներդրումների խթանման գործիքների եւ մի շարք այլ կարեւոր ուղղություններով:

 

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային մի շարք այլ թեմաների, մասնավորապես՝ քննարկել են հանրային ֆինանսների ոլորտում փորձի եւ գիտելիքի արդյունավետ փոխանակման ուղղությամբ համագործակցության խորացման հարցեր: