Երկուշաբթի, 9 Հոկտեմբերի 2023 16:06
Կարինա Մելիքյան

"ԷՖԵՍ" ԱԸ-ը դե-ֆակտո վերադարձել է շուկա

"ԷՖԵՍ" ԱԸ-ը դե-ֆակտո վերադարձել է շուկա

Արմինֆո."ԷՖԵՍ" ապահովագրական ընկերությունը դե-ֆակտո վերադարձել է հայկական շուկա։ Ս. թ. հուլիսի վերջին գրանցվելով Կենտրոնական բանկում՝ "ԷՖԵՍ" ԱՓԲԸ-ն մինչեւ հոկտեմբեր հասցրել է համագործակցություն հաստատել վեց բանկերի և Հայաստանի խոշորագույն լիզինգային ընկերության, ինչպես նաև մի շարք զբոսաշրջային գործակալությունների հետ: Ընդհանուր առմամբ, որպես "ԷՖԵՍ"-ի ապահովագրական գործակալներ արդեն հանդես են գալիս 51 կազմակերպություններ, որոնց թվում են ACBA Bank-ը, Կոնվերս բանկը, Արարատբանկը, Էվոկաբանկը, Ինեկոբանկը, Byblos Bank-ը և ACBA Leasing-ը:

 

"ԷՖԵՍ" ԱՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը գրանցման պահին կազմել է 2 մլրդ դրամ և բաղկացած է եղել 2 մլն հասարակ անվանական բաժնետոմսերից' յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

 

Որպես "ԷՖԵՍ"-ի բաժնետեր հանդես է գալիս "Ինտելիջենտ Մենեջմենթ" ՍՊԸ-ն, որը հավասար բաժնեմասերով (50 - ական տոկոս) տնօրինում են Հայաստանում հայտնի ապահովագրական մասնագետներ Լեւոն Ալթունյանը եւ Արեւշատ Մելիքսեթյանը:

 

"ԷՖԵՍ" ԱԸ-ը լիցենզիա է ստացել Կենտրոնական բանկից' 13 դասերով ոչ կյանքի ապահովագրության համար. դժբախտ պատահարներից ապահովագրություն,  առողջության ապահովագրություն,  ցամաքային տրանսպորտի ապահովագրություն (բացառությամբ երկաթուղային), օդային տրանսպորտի ապահովագրություն,  բեռնափոխադրումների ապահովագրություն,  հրդեհից և բնական աղետներից գույքի ապահովագրություն,  գույքի ապահովագրություն այլ վնասներից,  ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն (այդ թվում ՝ բեռնատար),  օդային տրանսպորտի (այդ թվում ՝ բեռնատար) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն,  ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն,  երաշխիքների տրամադրում,  ֆինանսական վնասի ապահովագրություն,  աջակցություն (արտասահման մեկնողների) ապահովագրություն:

 

"ԷՖԵՍ" ԱԸ-ը Կենտրոնական բանկից ստացել է նաև վերաապահովագրության լիցենզիա:

 

Արդյունքում, հաշվի առնելով "ԷՖԵՍ" ԱՓԲԸ-ն, Հայաստանի ապահովագրական շուկայում արդեն գործում է 7 ԱԸ: