Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ համայնքներում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ 2024 թ. պետբյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը:
Ըստ այդմ՝ նախատեսվում է սահմանել մասնակցային բյուջետավորման գործընթացը և կանոնակարգել համայնքներում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորման ծրագրերի իրականացման նպատակով պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման հայտերի մշակման, ներկայացման, դրանց քննարկման, հաստատման և պետական բյուջեից սուբվենցիաների տրամադրման գործընթացի հետ կապված հիմնական հարաբերությունները։
Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, ի տարբերություն գործող օրենսդրությամբ սահմանված՝ ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենիցաների տրամադրման կարգի, կարգով սահմանվում են սուբվենցիոն հատկացումների գործընթացի հետ կապված հիմնական հարաբերությունների ավելի պարզեցված մեխանիզմներ, որպեսզի բուն մասնակցային գործընթացի առանձնահատկություններով պայմանավորված սուբվենցիոն ծրագրերը հնարավոր լինի իրականացնել տվյալ՝ 2024 թ. բյուջետային տարում։ Նախատեսվում է հաստատվող կարգի գործողությունը տարածել ՀՀ 2024 թ. բյուջետային գործընթացի ժամանակահատվածում ծագած հարաբերությունների վրա և փորձարկել Արագածոտնի մարզի Աշտարակ, Արմավիրի մարզի Արմավիր, Կոտայքի մարզի Աբովյան և Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքներում: 2024 թ. հաջորդող տարիներին գործընթացի համար կարգավորումները կնախատեսվեն՝ ելնելով կարգի կիրառման արդյունքներից: ՀՀ 2024 թ. բյուջետային գործընթացի շրջանակում պետության գործուն մասնակցությամբ վերոհիշյալ համայնքները հնարավորություն կունենան մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման համար՝ սահմանված սահմանաչափերով ստանալու սուբվենցիաներ: Մասնակցային բյուջետավորման գործընթացների խթանմամբ հնարավորություն կստեղծվի տեղական ինքնակառավարման մակարդակում ակտիվացնել բնակիչներին՝ հանդես գալու իրենց համար ամենակարևոր, հրատապ և արդի խնդիրների լուծման նախաձեռնություններով, կակտիվանա նրանց մասնակցությանը ծրագրային առաջարկությունների առաջադրման, քննարկման, որոշումների կայացման գործընթացում։ 2024 թ. բյուջետային գործընթացի շրջանակում պիլոտավորվող համայնքներում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված սուբվենցիոն ծրագրերի իրագործմամբ հնարավորություն կստեղծվի համայնքային մակարդակում կուտակված փորձի տարածման և մասնակցային բյուջետավորման գործընթացների խթանման համար:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել. «Հիմա մենք որոշում ենք ներգրավել նաև քաղաքացիներին: Ծրագրային որոշակի շրջանակներում քաղաքացիներն իրենք կարող են էլեկտրոնային հարթակների միջոցով առաջարկել, որ եկեք, հաջորդ տարի մեր քաղաքում իրականացնենք այս ինչ նախագիծը, դա կարող է լինել սուբվենցիոն տրամաբանության մեջ: Համայնքներն իրենք կորոշեն, թե ինչ շրջանակ պետք է լինի, այսինքն՝ ինչին դա կարող է վերաբերել՝ ենթակառուցվածքներ, կրթություն, մշակույթ և այլն: Այդ առցանց հարթակում տեղի է ունենում քննարկում, ենթադրենք՝ ասում ենք, որ եկեք հաջորդ տարի մեր քաղաքի այսինչ զբոսայգին վերականգնենք, վերանորոգենք: Տեղի է ունենում քննարկում, և եթե քաղաքացիներն այդ ծրագրին հավանություն են տալիս սահմանված ընթացակարգերով, այդ դեպքում Կառավարությունն առնվազն 80 տոկոս ֆինանսավորում է քաղաքացիների կողմից որոշված ծրագիրը: Սա չի նշանակում, որ սուբվենցիոն հին համակարգը չկա: Հին համակարգն էլ կա, և մենք նոր կոմպոնենտ ենք առաջարկում, որի արդյունքում քաղաքացիները հնարավորություն են ունենում իրենց նախագծերն առաջ մեղել: Ենթադրում եմ, որ սրա շուրջ հանրային որոշ նախաձեռնություններ կձևավորվեն և այլն: Այստեղ հիմնական խնդիրն այն է, որ մենք ունենանք առաջինը՝ քաղաքական կամք, ինչն ունենք, երկրորդը՝ առցանց պատշաճ հարթակներ, որպեսզի վստահելի պրոցեսներ տեղի ունենան այնտեղ:
Հիմա մեր միջազգային գործընկերների աջակցությամբ չորս համայնքում վստահելի էլեկտրոնային առցանց հարթակներ ունենք՝ Աշտարակ, Աբովյան, Արմավիր և Ջերմուկ: Սա փորձնական ծրագիր է, և 2024 թվականի բյուջեի շրջանակներում մենք արդեն միջոցներ ենք նախատեսել: Այնպես, որ նշված համայնքների մեր հարգելի բնակիչներն արդեն կարող են մտածել նախաձեռնությունների մասին, որոնք, իհարկե, չեն կարող լինել իրենց բյուջեով անսահմանափակ: Շատ նրբություններ կան, որոնք մենք էլ հընթացս կհասկանանք: Առաջինը՝ մեխանիզմը գործարկում ենք, հընթացս կհասկանանք, թե ինչ ճշգրտումներ պետք է անենք: Սա կարծում եմ՝ քաղաքական և տեղական ինքնակառավարման գործիքները զարգացնող շատ կարևոր գործիք է»: