Երեքշաբթի, 7 Նոյեմբերի 2023 17:24
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանը մասնակցում է Շանհայի ներմուծման միջազգային ցուցահանդեսին

Հայաստանը մասնակցում է Շանհայի ներմուծման միջազգային ցուցահանդեսին

Արմինֆո.Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ՉԺՀ Շանհայ քաղաքում մասնակցել է նոյեմբերի 5-ից 10-ը անցկացվող Չինաստանի ներմուծման 6-րդ միջազգային ցուցահանդեսին։

 

Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, այս միջոցառմանը Հայաստանը ներկայանում է ազգային տաղավարով՝ ներկայացնելով 23 հայկական ընկերությունների արտադրանք, ինչպես նաև հայկական մշակույթը և Հայաստանի զբոսաշրջության հնարավորությունները։

 

Ցուցահանդեսը կազմակերպվել է ՉԺՀ առևտրի նախարարության և Շանհայ քաղաքի ժողովրդական կառավարության կողմից։

 

Այս տարի միջոցառմանը մասնակցում են Ասիայի, Աֆրիկայի և Եվրոպայի տարածաշրջանները ներկայացնող ավելի քան 150 երկրներ և միջազգային կազմակերպություններ: Շանհայի ներմուծման ցուցահանդեսում նախատեսվում է իրականացնել տեղեկատվական և մշակութային լայնածավալ ծրագիր: Համաժողովի գործարար ծրագրում 121 միջոցառումներ են, այդ թվում՝ "Հոնկյաո" միջազգային տնտեսական համաժողովը:

 

Ցուցահանդեսը աշխարհի խոշորագույն եւ կարեւորագույն ցուցահանդեսային միջոցառումներից մեկն է. ցուցադրությունների ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 360 հազար քմ: Ակնկալվում է, որ Շանհայ կժամանեն ավելի քան 3.5 հազար ձեռնարկություններ, որոնց թվում 289  համաշխարհային խոշորագույն կորպորացիաներ, գրանցված պրոֆեսիոնալ գնորդների թիվը հասել է գրեթե 410 հազարի: Իրենց ազգային տաղավարները կներկայացնեն 69 երկրներ:

 

Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին աճել է 29,8% - ով ՝ կազմելով 1,5 մլրդ դոլար։ Ընդ որում, արտահանումն աճել է 19,9% - ով՝ մինչև 322,5 մլն դոլար՝  ներմուծման 32,6%, մինչև 1,2 մլրդ դոլար աճի ֆոնին։