Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նոյեմբերի 20-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՎԶԵԲ տարեկան հանդիպման, արարողակարգի և միջոցառումների կազմակերպման բաժնի և լեզվական ծառայությունների ղեկավար Ստեֆանիա Գալբիաթի Բոլլը և ՎԶԵԲ երևանյան մշտական գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին:
Նախարարության հաղորդագրության համաձայն, Վահե Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է Հայաստանի համար ՎԶԵԲ-ի հետ համագործակցության առանցքային նշանակությունը, ինչի ապացույցը հայկական կողմի պատրաստակամությունն է՝ Երևանում հյուրընկալելու ՎԶԵԲ կառավարիչների խորհրդի 2024թ. տարեկան հանդիպումը, որն աննախադեպ է Հայաստանում ֆինանսական ոլորտի նման միջոցառում հյուրընկալելու համատեքստում:
Կարևորելով ՎԶԵԲ առաքելության դերը հաջորդ տարեկան հանդիպման կազմակերպման գործում՝ նախարարն ընդգծել է, որ համապատասխան թիմերը մի շարք հարթություններում աշխատանքներ են տանում տարեկան հանդիպումը պատշաճ կազմակերպելու ուղղությամբ: ՎԶԵԲ գլխավոր քարտուղարն իր հերթին կարևորել է ընթացիկ լայնածավալ աշխատանքների դինամիկան՝ վերահաստատելով ՎԶԵԲ թիմի հանձնառությունը՝ շարունակելու հայկական կողմի հետ արդյունավետ գործընկերությունը տարեկան հանդիպման պաշտաճ անցկացման գործում:
Հանդիպման ավարտին երկուստեք պատրաստակամություն է հայտնվել՝ մեկտեղելու ջանքերը Երևանում ՎԶԵԲ տարեկան հանդիպումը հիշարժան և պատշաճ անցկացնելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ ս. թ. մայիսին բանկը ՀՀ կառավարության հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր ՝ 2024թ.Երևանում ժողովի անցկացման վերաբերյալ: Հուշագիրը Սամարղանդում ստորագրել են ՎԶԵԲ-ի գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչին և ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Երևանում կայանալիք ժողովը բանկի 33-րդ ժողովն է: Տարեկան ժողովները բանկի օրացույցի ամենակարևոր իրադարձությունն են: Ժողովի ընթացքում տեղի կունենա բանկի բարձրագույն մարմին հանդիսացող Բանկի վարչության նիստ: Ժողովի շրջանակներում նախատեսված է նաև գործարար համաժողով, որի պանելային քննարկումներին կմասնակցեն բիզնեսի, իշխանությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ և ներդրողներ: