Ուրբաթ, 24 Նոյեմբերի 2023 11:53
Նաիրա Բադալյան

2023 թվականի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը, 2022 թվականի հոկտեմբերի համեմատ, աճել է մոտ 5 տոկոսով

2023 թվականի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը, 2022 թվականի հոկտեմբերի համեմատ, աճել է մոտ 5 տոկոսով

Արմինֆո.  Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2023 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 730 255, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 33 810-ով կամ 4.9%-ով:

 

Հիշեցնենք, որ նախօրեին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2018 թվականի մայիսից ՀՀ-ում ստեղծվել է շուրջ 183 հազար նոր աշխատատեղ: Հայաստանի տնտեսության դինամիկան խոսում է այն մասին, որ միտումը ոչ միայն կշարունակվի, այլև կուժեղանա՝ նաև Արցախի հայրենակիցներին աշխատաշուկայում ներգրավելու հաշվին, կարծում է վարչապետը։

 

Նշենք, որ ըստ վիճակագրական տվյալների, Հայաստանում գործազրկության մակարդակը 2023թ. 2-րդ եռամսյակում նվազել է՝ 13,7%-ից միննչեւ 11,7%՝  ցածր մնալով նաև 2022թ. նույն ժամանակահատվածի 13% - ից։ Զբաղվածության մակարդակը երկրում 2023թ. 2-րդ եռամսյակում աճել է՝ 50,9%-ից մինչեւ 53,9% (2022թ. նույն ժամանակահատվածի 51,2% - ի դիմաց)։ 2023թ. հուլիսի 1-ի դրությամբ զբաղված բնակչության թիվը գերազանցել է 1 211.4 մլն մարդը (տարեկան 7.2% աճով), իսկ գործազուրկների թիվը հաշվետու ամսաթվի դրությամբ կազմել է 160.7 հազար (տարեկան 10.5% անկում):