Արմինֆո.ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ, ԻԻՀ նավահանգիստների և ծովագնացության կազմակերպության գործադիր տնօրեն Ալի Աքբար Սաֆայիի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։
Իրանում Հայաստանի դեսպանության հաղորդագրության համաձայն, քննարկվել են հայ-իրանական հարաբերությունները, մասնավորապես՝ երկու երկրների միջև բեռանափոխադրումների իրականացմանը վերաբերող հարցեր։
Երկուստեք ընդգծվել է, որ ՀՀ-ն կարող է ԻԻՀ-ի համար տարանցիկ երկիր դառնալ դեպի ԵԱՏՄ և եվրոպական երկրներ, իսկ ԻԻՀ-ն Հայաստանի համար՝ դեպի Պարսից ծոցի և Միջին Ասիայի երկրներ ու Հնդկաստան։
Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել հայկական ընկերություններին ապահովել բարենպաստ պայմաններով իրանական նավահանգիստներից օգտվելու համար։ Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռքբերվել ստորագրել ոլորտային համագործակցության հուշագիր, որը թույլ կտա հայկական կողմին օգտվել իրանական նավահանգիստներից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը The Economic Times-ի հարցազրույցում հաղորդել էր, որ Հայաստանը բանակցություններ է վարում իրանական Չաբահար նավահանգստին միանալու վերաբերյալ, քանի որ ձգտում է մուտք ունենալ Հնդկաստան և Ասիայի այլ երկրներ: «Չաբահար նավահանգստին միանալու Հայաստանի ձգտումը տեղի է ունենում Հնդկաստանի, Իրանի և Հայաստանի եռակողմ խմբավորման ֆոնին: Այս տարվա ապրիլին Հայաստանի մայրաքաղաք Երևանում կայացած հանդիպման ժամանակ երեք կողմերը քննարկել են տնտեսական նախագծերը և տարածաշրջանային կապի ուղիները: Հայաստանը, որի կապերը Նյու Դելիի հետ ռազմավարական մասշտաբներ են ձեռք բերում, առաջարկել է "Հյուսիս-Հարավին" զուգահեռ Պարսից ծոց-Սև ծով միջանցք ստեղծել Իրանի տարածքով կամ դառնալ ՄՏՄ-ի նոր ճյուղի մի մասը՝ հնդիկ առևտրականներին Ռուսաստանի և Եվրոպայի հետ կապելու համար", - ասվում է աղբյուրում։
Նշվում է, որ Հայաստանի կառավարությունը մշակել է նաև "Խաղաղության խաչմերուկ" նախագիծը, որտեղ տարածաշրջանի երկրների միջև հաղորդակցությունների զարգացումը խաղաղության օրակարգի առանցքային էությունն է, ինչը մեծ օգուտ կբերի ավելի լայն տարածաշրջանին՝ ներառյալ Հնդկաստանը:
Հիշեցնենք, որ Իրանը մտադիր է երկրի հարավում Օմանի ծոցում (Չաբահար նավահանգիստ) և Պարսից ծոցում (Բենդեր Աբբաս, Իմամ Խոմեյնի և Խորրամշահր նավահանգիստներ) տեղակայված իր նավահանգիստները միացնել իրանական երկաթուղիների ցանցի միջոցով Սև և Կասպից ծովերում տեղակայված նավահանգիստներին: Ծոցի միացումը Սև ծովին կմիացնի չորս հիմնական ծովային ավազաններ, մասնավորապես՝ Օմանի ծոցը, Կասպից ծովը (Իրան - Ադրբեջան), Սև ծովը (Վրաստան, Բուլղարիա) և Միջերկրական ծովը (Հունաստան):
Հարավային Կովկասում Հայաստանը միակ երկիրն է, որը ԵԱՏՄ անդամ է և, հետևաբար, ծառայում է որպես ուղիղ կամուրջ Իրանի և դաշինքի միջև, ինչը հստակ ընդգծում է Պարսից ծոց - Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի կարևորությունն Իրանի համար