
Արմինֆո. Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել Հայաստանում գրանցված "Տակո" ընկերության նկատմամբ ՝ Ռուսաստանի հետ համագործակցության համար։ Այդ մասին ասվում է Ծագող արևի երկրի էկոնոմիկայի նախարարության հաղորդագրությունում։
Աղբյուրի համաձայն, ճապոնական գերատեսչության որոշումն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 22-ից: Բացի հայկական ընկերությունից, պատժամիջոցների ցուցակում են հայտնվել 57 կազմակերպություններ Ռուսաստանից, երկուսը՝ ԱՄԷ-ից, մեկը՝ Սիրիայից, և երկուսը՝ Ուզբեկստանից։
ՀՀ պետռեգիստրի տվյալներով՝ "Տակո" ընկերությունը Հայաստանում գրանցվել է 2022 թվականի ապրիլի 5-ին՝ ՌԴ քաղաքացի Վադիմ Վերխովցեևի կողմից։ Ընկերությունն զբաղվում է չինական ռադիոէլեկտրոնիկայի ներմուծմամբ և վերաարտահանմամբ Ռուսաստան։ Ավելի վաղ՝ 2022 թվականին, այդ ընկերությունը հայտնվել էր ԱՄՆ գանձապետարանի դեպարտամենտի պատժամիջոցների տակ՝ Milur Electronics ընկերության հետ միասին, որը նույնպես զբաղվում է էլեկտրոնիկայի մեծածախ առևտրով։
Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հաղորդել էր, որ ՀՀ կառավարությունն անում է հնարավորը, որպեսզի հայկական ընկերությունները չհայտնվեն ռիսկի գոտում: Նա ընդգծել էր, որ ներկայումս մոտ տասը հայկական ընկերություններ հայտնվել են արեւմտյան երկրների երկրորդական պատժամիջոցների տակ։