
Արմինֆո. 2023 թվականին տարբեր ծրագրերի իրականացման համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը երկրի պետական բյուջեից ստացել է 275 մլրդ դրամ, որից ծախսվել է 270 մլրդ դրամ։ Այդ մասին դեկտեմբերի 29-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է գերատեսչության ղեկավար Գնել Սանոսյանը։
Նա նշել է, որ բյուջետային ցուցանիշների կատարողականը, որոնք վերաբերում են ինչպես կապիտալ, այնպես էլ ընթացիկ ծախսերին, կազմել է 98 տոկոս: Ընդ որում, կապիտալ ծախսերի գծով կատարողականությունը եղել է 96 տոկոսի մակարդակում, ինչը նախորդ տարիների համեմատ աննախադեպ բարձր ցուցանիշ է։ Սանոսյանը, օրինակ, մատնանշել է այն փաստը, որ սուբվենցիոն ծրագրերի գծով կատարողականությունը կազմել է 136,7 տոկոս՝ 22 մլրդ դրամի փոխարեն ծախսվել է ավելի քան 30 մլրդ դրամ։ Ճանապարհաշինության ոլորտում ևս արձանագրվել է շատ բարձր ցուցանիշ, որը կազմել է 132 տոկոս։ Նախատեսվում էր վերանորոգել և կառուցել 45 մլրդ դրամի ավտոճանապարհներ, իսկ իրականացվել են շուրջ 60 մլրդ դրամի ծրագրեր ։ Ընդ որում, բավականին լավ արդյունքներ են արձանագրվել ճանապարհների միջին վերանորոգման գծով, որոնց համար նախատեսվում էր պետբյուջեից ներգրավել 3,5 մլրդ դրամ, իսկ փաստացի ծախսվել է 6,5 մլրդ դրամ, ինչը նշանակում է 187% կատարողականություն։
Նախարարը հիշեցրել է նաև վերանորոգման ծրագրի մասին, որին ի սկզբանե նախատեսվում էր ուղղել 309 մլն դրամ, սակայն շահառուների թվի զգալի աճի պատճառով սուբսիդավորման այդ ծավալները հասցվել են 863 մլն դրամի, իսկ դա, ինչպես նկատել է Սանոսյանը, նշանակում է այս ծրագրի 278 %-անոց կատարում: