
Արմինֆո. Հայաստան ժամանող կամ երկրից մեկնող յուրաքանչյուր երրորդ ուղևոր օգտվում է ազգային ավիաընկերությունների ծառայություններից: Այդ մասին դեկտեմբերի 29-ին լրագրողներին հայտարարել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նա նշել է, որ դեռևս նախորդ տարի հայկական ավիաընկերությունների ծառայություններից օգտվել է յուրաքանչյուր չորրորդ ուղևորը: Ընթացիկ տարվա 11 ամիսներին Հայաստանից մեկնել և Հայաստան է ժամանել 5,044 մլն մարդ, որոնց 34%-ն օգտվել է ազգային ավիափոխադրողների ծառայություններից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 24 տոկոս։
Նախարարը տեղեկացրել է նաև, որ անցկացված մրցույթի արդյունքների համաձայն, "Զվարթնոց" օդանավակայանի տարածքում հայտնվել է տաքսի փոխադրումներ իրականացնող լիցենզավորված ընկերություն: Այդ նպատակով գնվել է 25 նոր որակյալ էլեկտրամոբիլ, ինչը մեծացրել է
Օդանավակայանի գրավչությունը ոչ միայն երկրի քաղաքացիների, այլև զբոսաշրջիկների շրջանում:
Հիշեցնելով Սյունիքի օդանավակայանի գործարկման մասին՝ Սանոսյանը նշել է, որ Կապանի օդանավակայանից շաբաթական երկու չվերթ է իրականացվում երկուշաբթի և ուրբաթ օրերին, սակայն եղել են դեպքեր, երբ եղանակային պայմանների բերումով չվերթները հետաձգվել են: Այս խնդրի լուծման նպատակով ներկայումս աշխատանքներ են տարվում նավիգացիոն և օդերևութաբանական սարքավորումների ձեռք բերման հնարավորությունների ուսումնասիրման ուղղությամբ: Հաջորդ տարի բոլոր անհրաժեշտ սարքավորումներն ու միջոցները կգնվեն, ինչը թույլ կտա նվազեցնել կախվածությունը եղանակային պայմաններից ։