Հինգշաբթի, 11 Հունվարի 2024 14:22
Ալինա Հովհաննիսյան

Պաոլո Փիրջանյանը՝  CES 2024 Innovation Awards մրցանակի դափնեկիր  "Արհեստական բանականություն" անվանակարգում

Պաոլո Փիրջանյանը՝  CES 2024 Innovation Awards մրցանակի դափնեկիր  "Արհեստական բանականություն" անվանակարգում

Արմինֆո.Բարձր տեխնոլոգիաների ոլորտում ամերիկահայ առաջատար մասնագետ, Embodied ընկերության գործադիր տնօրեն Պաոլո Փիրջանյանը CES 2024 Innovation Awards մրցանակի դափնեկիր է՝ "Արհեստական բանականություն" անվանակարգում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, հավելելով, որ Փիրջանյանը բարձր պարգևի է արժանացել Embodied ընկերության  արտադրած Moxie ռոբոտի համար:

 

Նշենք, որ CES 2024 մրցանաբաշխությունը աշխարհի ամենամեծ և ամենակարևոր տեխնոլոգիական իրադարձությունն է, որն այս տարի տեղի է ունենում հունվարի 9-12-ին Լաս Վեգասում: Ցուցահանդեսի և մրցանակի հիմնադիրն է սպառողական տեխնոլոգիաների ասոցիացիան (Consumer Technology Association, CTA):

 

Պաոլո Փիրջանյանը ծնվել է Իրանում։ Տեխնիկական կրթությունն ստացել է Դանիայում և համալսարանն ավարտելուց հետո տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ երկար ժամանակ դասավանդել է, իսկ ավելի ուշ, տեղավորվելով NASA-ում, հայտնագործել է իր առաջին ռոբոտները։ Ավելի քան 5 տարի NASA-ում աշխատելուց հետո Պաոլոն որոշել է հիմնել իր Evolution robotics ընկերությունը։ Այնուհետև աշխատել է iRobot կորպորացիայի տեխնիկական տնօրեն։ 2016 թվականին Փիրջանյանը Հարավային Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Մայա Մատարիչի հետ հիմնել է Embodied ընկերությունը, որը ռոբոտ - օգնականների ամերիկացի մշակող է, որոնք օգնում են մարդկանց տնային գործերում, ինչպես նաև հետևում են օգտատերերի վիճակին և առողջությանը: Ընկերությունը զարգացնում է արհեստական բանականության հարթակ, որի հիման վրա ստեղծվում են ռոբոտներ։

 

Embodied-ում իրենց ռոբոտներին անվանում են "զգացմունքային, ինտելեկտուալ եւ մարդկանց նման" եւ նշում են, որ սարքերը ստեղծվում են՝ հաշվի առնելով ընտանիքների անհատական առանձնահատկությունները եւ կենսամակարդակը: