Արմինֆո.HSBC խումբը տեղաշարժում էր իր կապիտալը և կենտրոնանում նախընտրելի շուկաների վրա՝ համաձայն վերջին տարիների քաղաքականության։ Միայն 2021 թվականից, ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը, խումբը դուրս է եկել 7 երկրներից, այդ թվում՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Հունաստանի մանրածախ վարկավորումից։
Հայաստանը, նրա ասելով, ԱՊՀ-ում վերջին երկիրն է, որտեղ փակվում է բանկի ներկայացուցչությունը: «Այս տեսակի գործարքը այնպիսի որոշում չէ, որը կայացվել է 10 օրվա ընթացքում: Քննարկումները, բանակցությունները շատ երկար են տևել և ընթացել են միջազգային նորմերին համապատասխան։ Դա շատ բարդ և տևական աշխատանք է, որին պետք է հարգանքով վերաբերվել», - ասել է նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Արդշինբանկը հայտարարել էր HSBC Holdings plc-ի դուստր ընկերության՝ HSBC Europe B.V.-ի հետ համաձայնության գալու մասին՝ Հայաստանում վերջինիս դուստր բանկի ձեռք բերման շուրջ։
HSBC-ն (Midland Bank) իր մասնաճյուղը Հայաստանում (Armenian branch) բացել էր 1996 թվականին: ԱրմԻնֆո-ի վարկանիշի համաձայն, HSBC Bank Armenia-ի ակտիվները 2023 թվականի վերջին կազմել են 719.7 մլն դոլար (12-րդ): Ընդհանուր վարկային ներդրումների և այլ վարկերի չափը կազմել է 456.3 մլն դոլար: Բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 149.8 մլն դոլար: Ընդհանուր պարտավորությունները կազմում են 569.9 մլն դոլար, որից 504.9 մլն դոլարը հաճախորդների հանդեպ պարտավորություններն են: 2023 թվականը HSBC Bank Armenia-ն ավարտել է 27.3 մլն դոլար զուտ շահույթով՝ տարեկան 38% աճով։
AmRating ազգային վարկանիշային գործակալության ղեկավար Էմանուիլ Մկրտչյանի կարծիքով, շուկայից HSBC-ի դուրս գալը, որը 90-ականների վերջին հայ բանկիրների շրջանում բանքինգի միջազգային ստանդարտներ էր սերմանում եւ գրագիտություն էր սովորեցնում, կարելի է համարել ամենավատ քեյսը, որը տեղի է ունեցել վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունում: Չէ որ HSBC-ից առաջ Հայաստանից աստիճանաբար հեռանում էին այլ ինստիտուցիոնալ բանկային ներդրողներ, որոնց թվում էր գերմանական ProCredit Bank-ը, որը բավական հաջող շարունակում է գործել Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում և Արևելյան Եվրոպայի երկրներում, ինչպես նաև Acba Bank-ի կապիտալից դուրս եկած Credit-Agricole Bank-ը։ Զգալիորեն կրճատել կամ, ընդհանրապես, զրոյացրել են իրենց ներկայությունը բանկային կապիտալներում այնպիսի միջազգային ֆինանսական դոնորներ, ինչպիսիք են EBRD-ն եւ ADB-ն, որոնք մնացել են միայն Ամերիաբանկի կապիտալում, ինչպես նաև IFC-ն, KfW-ն և մյուս ավելի փոքրերը, ինչպես՝ Incofin-ը:
"Բանկային կապիտալներից դոնոր կազմակերպությունների դուրս գալը միանշանակ բացասաբար գնահատելու հարկ չկա, քանի որ հենց նրանց օգնության, ֆինանսական եւ խորհրդատվական աջակցության շնորհիվ է տեղի ունեցել երկրի բանկային համակարգի կայացումը: Սակայն, ռազմավարական ինստիտուցիոնալ ֆինանսական և բանկային հոլդինգների ելքը ոչ այլ ինչ է, քան ազգային տնտեսության վիճակի լակմուսի թուղթ: Չէ որ, որպես կանոն, նման խոշոր բանկերը չեն աշխատում սպառողական եւ լոմբարդային վարկերի շուկաներում, նրանք շահագրգռված են տնտեսության իրական հատվածում լուրջ ռազմավարական միջին եւ երկարաժամկետ ներդրումներով, իսկ Հայաստանն այսօր աայդ առումով պարծենալու բան չունի", - նշել է AmRating - ի ղեկավարը։