Արմինֆո. Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին Dvin Music Hall-ում։ Այն կազմակերպվել է Freedom Broker Armenia-ի կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ, և նախատեսվում է դառնալ ֆինանսական ոլորտի նշանակալից իրադարձություն:
Կազմակերպիչների մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, միջոցառումը մեկ հարթակում կմիավորի ավելի քան 500 մասնակցի: Ակնկալվում է, որ ելույթ կունենա 20 բանախոս՝ խոշոր բիզնեսի առաջնորդներ և համաշխարհային մակարդակի փորձագետներ։
Համաժողովը բացվելու է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Freedom Holding Corp. միջազգային հոլդինգի հիմնադիր և ղեկավար Թիմուր Տուրլովի ողջույնի խոսքով․ այս հոլդինգի անդամ է հենց Freedom Broker Armenia-ն։
Համաժողովին իր մասնակցությունը հաստատել է նաեւ արհեստական ինտելեկտի ոլորտում մասնագիտացած ձեռներեց Դավիթ Յանը, ով ABBYY ընկերությունների խմբի հիմնադիրն ու խորհրդի անդամն է։ Որպես ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու և գիտության և տեխնիկայի բնագավառում Ռուսաստանի կառավարության մրցանակի դափնեկիր, նա ներառվել է աշխարհի 200 ամենահարուստ գործարարների ցուցակում՝ ըստ Forbes ամսագրի: Համաժողովի ընթացքում նա հանդես կգա որպես բանախոս և կկիսվի Հայաստանի ֆինանսական հատվածի զարգացման գործում տեխնոլոգիաների դերի վերաբերյալ իր գաղափարներով ու մտքերով։
Համաժողովի բիզնես ծրագիրը կանդրադառնա երկրի ֆինանսական ոլորտի զարգացման առանցքային ասպեկտներին և հեռանկարներին։ Ամենալայնածավալ միջոցառումը կլինի «Ներդրումային միջավայրը Հայաստանում և կապիտալի շուկայի զարգացման հեռանկարները» թեմայով լիագումար նիստը։ Նախատեսվում է քննարկել օտարերկրյա ներդրողների համար երկրի հնարավորությունները, ֆինանսական շուկայի ենթակառուցվածքները, կապիտալի շուկայում տիրող իրավիճակը, ինչպես նաև պետական պարտքի պահանջարկի խթանման տարբերակները։
Համաժողովի հետագա աշխատանքները կշարունակվեն ներքին ներդրողների զարգացման և կապիտալի շուկա ընկերությունների ներգրավման վերաբերյալ պանելային քննարկումների շրջանակներում: Այստեղ առանցքային մասն է լինելու Freedom Holding Corp.-ի վերլուծաբանների համապարփակ ուսումնասիրության ներկայացումը։ «Հայաստանը ֆոնդային շուկաների համաշխարհային քարտեզի վրա» հետազոտությունն առաջին անգամ կներկայացվի լայն հանրությանը։
Համաժողովը կեզրափակվի «Թվայնացումը՝ որպես ֆինանսական արդյունաբերության զարգացման առանցքային գործոն» աշխատանքային նիստով, որից հետո մասնակիցները կկարողանան կարծիքներ փոխանակել միջոցառման ոչ պաշտոնական մասում։
Միջոցառման մանրամասն ծրագրին կարելի է ծանոթանալ : https://forum.ffin.am/ru/ հղումով: