Հինգշաբթի, 7 Մարտի 2024 11:59
Ալինա Հովհաննիսյան

Հակոբ Վարդանյան. էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացման համատեքստում Հայաստանի համար առաջնային է Վրաստանի միջոցով Եվրոպայի հետ կապը

Հակոբ Վարդանյան. էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացման համատեքստում Հայաստանի համար առաջնային է Վրաստանի միջոցով Եվրոպայի հետ կապը

Արմինֆո. ՀՀ ՏԿԵ փոխնախարարներ Վաչե Տերտերյանն ու Հակոբ Վարդանյանն ընդունել են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (KFW) պատվիրակություններին։

 

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, GIZ-ի և KFW-ի ներկայացուցիչները նշել են, որ ՏԿԵ նախարարության հետ համագործակցությունը մեծ կարևորություն ունի իրենց համար, ապա փոխնախարար Հակոբ Վարդանյանից հետաքրքրվել են «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ ենթակայաններ» ծրագրի ընթացքի վերաբերյալ։

 

ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն ի պատասխան նշել է, որ ծրագիրը նախարարության ուշադրության կենտրոնում է։ Փոխնախարարը նաև նշել է, որ այս փուլում Հայաստանի համար առաջնային է Վրաստանի միջոցով Եվրոպայի հետ կապը, ինչը թույլ կտա էներգետիկայի ոլորտում դիվեսիֆիկացիա մտցնել։

 

Հանդիպման մյուս հատվածում հյուրերը ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանի հետ քննարկել են ջրային տնտեսության ոլորտում առկա իրավիճակը և հետաքրքրվել, թե որ հարցերում կարող են օգտակար լինել։

 

Վաչե Տերտերյանն, ի թիվս այլ հարցերի, խոսել է կեղտաջրերի մաքրման կայանների մոդելի մշակման անհրաժեշտության մասին և ընդգծել այդ ոլորտում գերմանական կողմի հետ համագործակցության անհրաժեշտությունը։

 

ՏԿԵ նախարարի տեղակալը նաև նշել է, որ առաջիկայում պատրաստ կլինի ռազմավարական փաստաթուղթ, որը նախարարությունը կներկայացնի դոնոր կազմակերպություններին՝ ակնկալելով սերտ համագործակցություն։