Երկուշաբթի, 18 Մարտի 2024 17:03
Ալինա Հովհաննիսյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հստակ գործողությունների ծրագրեր է ձևավորել ԱՄՆ մի շարք պետական գերատեսչությունների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հստակ գործողությունների ծրագրեր է ձևավորել ԱՄՆ մի շարք պետական գերատեսչությունների հետ

Արմինֆո.Վաշինգտոնում տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի (TIFA) հերթական նիստի անցկացման նպատակով ՀՀ պատվիրակության Վաշինգտոն այցի (մարտի 7-8) շրջանակներում տեղի են ունեցել երկկողմ հանդիպումներ ԱՄՆ պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, պատվիրակությունը գլխավորել է  էկոնոմիկայի նախարարի տեղակալի պարտականությունները կատարող Ռաֆայել Գևորգյանը։

Կայացել են հանդիպումներ ԱՄՆ պետական դեպարտամենտի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ԱՄՆ գյուղատնտեսական, ֆինանսների և առևտրի դեպարտամենտների, վերջինիս կազմում գործող Առևտրային իրավունքի զարգացման ծրագրի, ինչպես նաև՝ Ամերիկյան երկրների կազմակերպության, ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչների հետ։

 

Հանդիպումների ընթացքում մանրամասն քննարկվել են ինչպես Առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի նիստի օրակարգում ներառված հարցերը, այնպես էլ ՀՀ և ԱՄՆ միջև տնտեսական համագործակցության խորացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերը։

 

Յուրաքանչյուր հանդիպման արդյունքում ձևավորվել է հստակ գործողությունների ծրագիր, որը նպաստելու է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև գործընկերային հարաբերությունների խորացմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող՝ տնտեսության տարբեր ոլորտներում։ Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները նախանշված բոլոր ուղղություններով։

 

Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրաշրջանառությունը 2023 թվականին աճել է 45,1 տոկոսով՝ կազմելով 670,1 մլն դոլար։ Ընդ որում, արտահանումը կրճատվել է 38 տոկոսով՝ մինչև 48,5 մլն դոլար, իսկ ներմուծումն աճել է 62,1 տոկոսով ՝ մինչև 621,6 մլն դոլար ։