Շաբաթ, 23 Մարտի 2024 11:04
Ալեքսանդր Ավանեսով

Փոխվարչապետ. Քաղաքաշինության ոլորտում մենք ոչ միայն քանակական ավելացումների, այլ նաև որակական փոփոխությունների անհրաժեշտություն ունենք

Փոխվարչապետ. Քաղաքաշինության ոլորտում մենք ոչ միայն քանակական ավելացումների, այլ նաև որակական փոփոխությունների անհրաժեշտություն ունենք

Արմինֆո.Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Եղիազար Վարդանյանին: Փոխվարչապետը շնորհավորել է կոմիտեի նորանշանակ նախագահին և մաղթել հաջողություններ:

 

Կառավարության հաղորդագրության համաձայն, Տիգրան Խաչատրյանը բարձր է գնահատել կոմիտեի գործունեությունը ՀՀ կառավարության ընդհանուր աշխատանքների կազմակերպման համատեքստում: «Մենք բազմաթիվ կարևոր ծրագրեր ունենք, որոնք շատ դեպքերում ուղիղ, բայց հաճախ նաև անուղղակի կախված են այն արդյունավետությունից, որը Քաղաքաշինության կոմիտեն դրսևորում է իրեն վստահված ուղղություններով: Վերջին տարիների ընթացքում կառավարության ծրագրերում գնալով ավելի մեծ նշանակություն են ստանում հատկապես սոցիալական ենթակառուցվածքների ուղղությամբ կատարվող ներդրումները: Այդտեղ մենք ոչ միայն քանակական ավելացումների, այլ նաև որակական փոփոխությունների անհրաժեշտություն ունենք: Եվ այդ ուղղությամբ անելիքների առնչությամբ բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել»,- ասել է փոխվարչապետը:

 

Տիգրան Խաչատրյանի դիտարկմամբ՝ վերջին տարիների ընթացքում տեղի է ունեցել կատարվող աշխատանքների ծավալի էական փոփոխություն, ինչին զուգահեռ Քաղաքաշինության կոմիտեն պետք է շարունակաբար բարելավի աշխատանքների որակին ներկայացվող պահանջները: Կոմիտեն պետք է ապահովի, որպեսզի քաղաքաշինության բնագավառում գործող կազմակերպությունների իրականացրած աշխատանքները լինեն ներկայացվող պահանջներին համապատասխան և պահանջի, որ ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից կատարվող աշխատանքն առավելագույն չափով արձագանքի սպառողների շահերին, լինի պատշաճ և տեղին: «Այս տեսանկյունից, կարծում եմ, որ մենք մեծ անելիք ունենք համատեղ աշխատանքներում և վստահ եմ, որ Քաղաքաշինության կոմիտեի անձնակազմն էլ ունի բավարար փորձ և կարողություններ այդ խնդիրները Ձեզ հետ համագործակցաբար լուծելու համար», - ասել է Տիգրան Խաչատրյանը:

 

Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել նաև Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ղուլարյանին՝ կատարած աշխատանքի համար:

 

Իր հերթին, Եղիազար Վարդանյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար։ Նորանշանակ կոմիտեի նախագահն ընդգծել է. «Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել առաջնորդողի դերակատարում հարազատ մասնագիտական ոլորտում: Սա նաև մասնագիտական պատվի հարց է՝ արձանագրել հաջողություն մեր գործընկերների հետ միասին և Կառավարության աջակցությամբ բարձր արդյունավետությամբ իրականացնել այն նախանշված խնդիրները, որոնք դրվել են Քաղաքաշինության կոմիտեի առջև: Ուզում եմ վստահեցնել, որ որակի պահանջի նկատմամբ որևէ կոմպրոմիս չի լինելու, ամենայն ուշադրությամբ հետևելու ենք որակին՝ ոչ միայն շինարարության, այլև նախագծման առումով: Դրան զուգահեռ իրականացնելու ենք նաև ստանդարտների, նորմերի լրամշակում և տեղայնացում, որը կձևավորի այն միջավայրը, որտեղ արդեն մարդու գործոնից կախված հնարավորինս քիչ խնդիրներ կլինեն, և համակարգը կաշխատի ավելի մեծ արդյունավետությամբ: Ուզում եմ նաև շեշտել, որ մեծ ուշադրություն ենք դարձնելու թվայնացման գործընթացի վրա: Նաև շինարարական ծրագրերի կառավարման ավտոմատացման համակարգի ներդրման պլաններ են նախագծվում, և առաջիկայում ավելի մանրամասն կներկայացնեմ»: