Ուրբաթ, 12 Ապրիլի 2024 16:12
Նաիրա Բադալյան

Հայաստանի և Ղազախստանի ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողներին կազատեն ճանապարհային և բնապահպանական գանձումներից՝ փոխադարձ հիմունքով

Հայաստանի և Ղազախստանի ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողներին կազատեն ճանապարհային և բնապահպանական գանձումներից՝ փոխադարձ հիմունքով

Արմինֆո.Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին 2006 թ. նոյեմբերի 6-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը: Այդ մասին ասվում է կառավարության հաղորդագրությունում:

 

Ըստ հիմնավորման՝ ներկայումս երկու երկրների միջև բեռնափոխադրումների իրականացման ոլորտում առկա է խնդիր՝ կապված ճանապարհային և բնապահպանական հարկերի գանձման օրենսդրական կարգավորումների հետ։ Խնդրի լուծման նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել Համաձայնագրում, որը կկանոնակարգի երկու երկրների միջև մի կողմի պետության տարածքում գրանցված տրանսպորտային միջոցները մյուս կողմի պետության օրենսդրությամբ նախատեսված հարկերից ու վճարներից ազատման արտոնությունների սահմանման գործընթացը: Համաձայնագրի փոփոխությունը հնարավորություն կտա դյուրացնելու երկու երկրների միջև ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների գործընթացը, բարձրացնելու Հայաստանի տարանցման դերը տարածաշրջանում բեռնափոխադրումների կազմակերպման հարցում: