Արմինֆո. Չեմ կիսում այն լավատեսությունը, որ մի քանի տարի հետո Հայաստանը կկարողանա դիվերսիֆիկացնել արտահանման շուկաները, թերեւս, հնարավոր լինի որոշ չափով թուլացնել կախվածությունը ռուսական շուկայից։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի արտահանողների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը:
Նշելով, որ գյուղատնտեսական թարմ արտադրանքի իրացման հիմնական շուկան ԵԱՏՄ-ն է, հատկապես, Ռուսաստանը, որտեղ քաջ ծանոթ են made in Armenia ագրոարտադրանքին, փորձագետը հիշեցրել է, որ տնտեսությունը սերտորեն կապված է քաղաքականության հետ: <Եվ այս առումով հեռանկարներն այնքան էլ լավը չեն, քաղաքական իրավիճակը, կարելի է ասել, լարված է։ Եվ դա ազդում է նաեւ գյուղատնտեսության ներդրողների լավատեսության մակարդակի վրա", - նշել է Ստեփանյանը։
Պատասխանելով "եթե ոչ Ռուսաստանը, ապա որ ուղղությունները կարող են շահութաբեր լինել հայկական ագրոարտադրանքի համար" հարցին՝ փորձագետն ընդգծել է, որ մեր արտադրողների համար դժվար է մրցունակ լինել այլ շուկաներում, քանի որ մյուս հարավային երկրները, հատկապես՝ խոշորները, չունեն արտադրության բարձր ծախսեր՝ ի տարբերություն մեզ: <Հետևաբար, մեզ համար դժվար է մրցակցել: Մենք, ամենայն հավանականությամբ, պետք է պաշտպանվենք այս առումով, պայմաններ ստեղծենք զարգացման համար ։ Բացի այդ, շատ ուժեղ է ազդում լոգիստիկան>, - նշել է Ստեփանյանը։
Փորձագետն ընդգծել է, որ, իրականում, ռուսական շուկային շատ քիչ այլընտրանք կա։ Արաբական երկրները կարող են ծառայել որպես լավ արտահանման ուղղություն, բայց այնտեղ նույնպես անհրաժեշտ է գտնել սեփական խորշերը: Օրինակ, ինչպես նշել է փորձագետը, դա կարող է լինել սերտիֆիկացված էկոարտադրանք։
<Այս իմաստով մենք պետք է հավասարակշռություն պահենք: Գնալ Վրաստանի օրինակով, որն այժմ արդեն հավասարակշռություն է պահում, Ռուսաստանին չներառելով պատժամիջոցների ցուցակներում, որպես շուկա։ Դիվերսիֆիկացնել արտահանման ուղղությունները, այդ թվում ՝ գյուղատնտեսական արտադրանքի գծով, վրացիները փորձել են 2008 թվականից։ Բայց երբ նայում ենք ԵԱՏՄ վիճակագրական տվյալները, Վրաստանի կենտրոնացվածության մակարդակը նույնն է, ինչ Հայաստանինը։ Եվ ես կարծում եմ, որ դա դիվերսիֆիկացման քաղաքականության ձախողում է։ Եվ մենք պետք է շատ մանրակրկիտ ուսումնասիրենք Վրաստանի օրինակը, որը, ցավոք, լավատեսություն չի ներշնչում, սխալները չկրկնելու համար։ Այս առումով կառավարությունը պետք է ավելի շատ շփվի արտահանողների հետ", - ասել է Ասոցիացիայի ներկայացուցիչը։
Ընդ որում, Ստեփանյանը նշել է, որ ինչ-որ երկխոսություն կա մասնավոր եւ պետական հատվածների միջեւ, սակայն առայժմ դժվար է խոսել այն մասին, որ իշխանությունները շատ են լսում արտադրողների եւ արտահանողների կարծիքը: <Բիզնեսի նկատմամբ պետության վստահության մակարդակը, և, հատկապես, բիզնեսինը՝ պետության նկատմամբ, կարելի է ասել, բարձր մակարդակի վրա չէ։ Եվ այդ պատճառով, երբ չկա բացարձակ կամ գոնե բավարար վստահություն, արդյունավետ երկխոսության և, այդ երկխոսությունից ելնելով, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ, ցավոք, չկա>, - եզրափակել է նա։
Նշենք, որ, ընդհանուր առմամբ, արտաքին առևտրաշրջանառության և, մասնավորապես, արտահանման և ներմուծման գծով առաջատարը շարունակում է մնալ Ռուսաստանը։ Մասնավորապես, Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը 2023 թվականի արդյունքներով գերազանցել է 7.3 մլրդ դոլարը, տարեկան աճի 91.7%-ից մինչև 43.3% դանդաղմամբ՝ պայմանավորված արտահանման աճի խիստ արգելակմամբ։ Այսպես, Հայաստանից Ռուսաստան ապրանքների արտահանման տարեկան աճը զգալիորեն դանդաղել է՝ 2,9 անգամից մինչև 38,8 տոկոս, Ռուսաստանից Հայաստան ապրանքների ներմուծման բարձր տեմպերի աննշան արագացման դեպքում ՝ 46,9 տոկոսից մինչև 47,4 տոկոս, համապատասխանաբար 3,4 մլրդ դոլար և 3,9 մլրդ դոլար ծավալների ապահովմամբ։ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ Ռուսաստանի մասնաբաժինը տարեկան կտրվածքով նվազել է աննշան ՝ 35,9% - ից մինչև 35,3%, արտահանման մասնաբաժնի 45,4% - ից մինչև 40,6% անկման ֆոնին, իսկ ներմուծման մասնաբաժնի աճը՝ 30% - ից մինչև 31,6%: