Ուրբաթ, 19 Ապրիլի 2024 10:58
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղում

Հայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղում

Արմինֆո. ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն ընդունել է ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրային բաժնի ղեկավար Ուորեն Վիլսոնին։

 

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, Հարությունյանն ընդգծել է հանքարդյունաբերության կարևորությունը ՀՀ կառավարության համար և շնորհակալություն հայտնել հյուրին այդ ոլորտում համագործակցության ԱՄՆ պատրաստակամության համար։

 

Նախարարի տեղակալը նաև շեշտել է Հայաստանում ընդերքօգտագործման ոլորտում ամերիկյան կապիտալի ներգրավվածության հանգամանքը և կարևորել հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի հետ փորձի փոխանակման նպատակով հնարավոր համագործակցությունը։

 

Հանդիպման ընթացքում ընդգծվել է օգտակար հանածոների մատակարարման շղթաների ամրապնդման և հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության շարունակականության կարևորությունը։

 

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել հյուրին արդյունավետ քննարկման համար և հույս հայտնել, որ քննարկման հարցերի լուծումները օրակարգում պահելը լրացուցիչ խթան կհանդիսանա հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության սերտացման համար։

 

Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն, հղում անելով ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներին, հաղորդել էր, որ հանքարդյունաբերության և բաց քարհանքերի մշակման ոլորտում 2023թվին՝ 2022թ համեմատ անկումն արագացել է մինչև 6,4% (մեկ տարի առաջվա 3,2%-ից)' ապահովելով 463.2 մլրդ դրամ ծավալ: Միայն անցած տարվա դեկտեմբերին հանքարդյունաբերության հատվածն ապահովել է 35 մլրդ դրամի արտադրության ծավալ ՝ ամսական 7,9% աճով։