Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024 11:11
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց. օրենքի նախագիծ

Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց. օրենքի նախագիծ

Արմինֆո. Բյուջետային ծրագրերի պարբերական եւ կանոնավոր գնահատման գործընթացի ներդրումը կարեւոր քայլ է ծրագրային բյուջետավորման բարեփոխումների համատեքստում եւ կնպաստի բյուջետային ծրագրերի արդյունավետության եւ արդյունքայնության բարձրացմանը: Այդ մասին հայտարարե է  ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը:

 

ԱԺ հաղորդագրության համաձայն, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 22-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի երկրորդ՝ «Ֆինանսների նախարարությունե»բաժնի դրույթներից, համաձայն որի բյուջետային ծրագրերի արդյունավետության եւ օգտավետության բարձրացման նպատակով նախատեսվում է ներդնել բյուջետային ծրագրերի կանոնավոր գործընթաց: Գնահատման համակարգի ներդրման նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել է «Պետական բյուջետային ծրագրերի գնահատման համակարգի ներդրման հայեցակարգ», մշակվել է «Բյուջետային ծրագրերի գնահատման մեթոդական ուղեցույց»:

 

«Թեեւ հայեցակարգը հաստատվել է, այդուհանդերձ բյուջետային ծրագրերի գնահատման համակարգի ներդրման նպատակով անհրաժեշտ է օրենսդրությամբ սահմանել լիազորող նորմ, համաձայն որի Կառավարությունն իրավասու է իրականացնելու բյուջետային ծրագրի գնահատման գործառույթներ»,- մանրամասնել է հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը: Նախագծով առաջարկվում է սահմանել նշված լիազորող նորմը՝ ՀՀ կառավարությանը վերապահելով բյուջետային ծրագրի գնահատման լիազորություններ, ինչպես նաեւ կտրվեն որոշ տերմինների սահմանումներ, որոնք անհրաժեշտ են բյուջետային ծրագրերի գնահատման գործառույթի ներդրման համար:

 

Ֆինանսների նախարարի տեղակալը պարզաբանումներ է ներկայացրել նաեւ գնահատման գործառույթի վերաբերյալ: «Սա վերահսկողական գործառույթ չէ, գնահատման գործառույթը վերլուծական աշխատանք է լինելու, եւ ըստ էության, այս բարեփոխումները զուգորդվում են մեկ այլ բարեփոխման հետ: Ինչպես գիտենք, Ֆինանսների նախարարությունը Պետական վերահսկողության ծառայությանն է փոխանցում իր ներկայիս ֆինանսաբյուջետային վերահսկողության գործառույթները: Այսինքն, մենք փորձում ենք առավել օպտիմալ ձեւով կառավարել գործընթացը»,- ասել է Վահան Սիրունյանը: Ըստ նրա՝ գնահատման մեթոդաբանությունն իրականացվելու է միջազգային փորձի հիման վրա: Մեթոդաբանությունը հիմնականում հանդիսանում է վերլուծական աշխատանքների գործընթաց, որին ներգրավված են միջազգային եւ տեղացի փորձագետներ:

Նախագիծը իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության է ենթարկվել ՀՀ ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության կողմից եւ նիստի ընթացքում ներկայացվել են փորձաքննության արդյունքների վերաբերյալ դիտարկումները: Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: