Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024 19:41
Ալինա Հովհաննիսյան

Վասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համար

Վասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համար

Արմինֆո.Հայկական ԱԷԿ է այցելել ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությունը:

 

ԱԷԿ-ի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, դեսպանին ուղեկցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության՝ համագործակցության և քաղաքական հարցերի գծով պատասխանատու աշխատակիցներ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ՄԱԿ կոմիտեի նախագահի պարտականություններ կատարողը, ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը, AOSA (Armenian On-Site Assistance) ծրագրի փորձագետը և ՀԱԷԿ-ի ղեկավարությունը:

 

Տեղի ունեցել բավականին հագեցած և ինֆորմատիվ հանդիպում: Նախ հայկական կողմը համառոտ ներկայացրել է ՀԱԷԿ-ի շահագործման պատմությունը և անվտանգության ցուցանիշները: Այնուհետև ՀԱԷԿ-ի հրապարակում Եվրոպական միության օգնության ծրագրի փորձագետը  հյուրերին ներկայացրել է ԵՄ աջակցությամբ ՀԱԷԿ-ում իրականացված և իրականցվող նախագծերը: Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվել է այդ համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը: 1995 թվականից սկսած՝ ՀԱԷԿ-ին ցուցաբերվել է շուրջ 60 մլն ԱՄՆ դոլարի օգնություն, որն ուղղված է եղել կայանի հուսալիության և անվտանգության բարձրացմանը:

 

Հանդիպման ավարտին պատվիրակության անդամները շրջայց են կատարել ՀԱԷԿ-ի որոշ արտադրական տարածքներում, որտեղ նրանց ուշադրությանը ներկայացվել են հատկապես այն սարքավորումներն ու համակարգերը, որոնք ներդրվել են ԵՄ օգնության շրջանակներում:

 

Դեսպանը ՀԱԷԿ-ի ղեկավարներին շնորհակալություն է հայտնել կազմակերպված այցի և ջերմ ընդունելության համար և հավաստիացրել, որ կգործադրվեն բոլոր ջանքերը՝ հետագայում ևս ապահովելու հաստատուն համագործակցություն և աջակցություն: