Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024 20:01
Մարիաննա Մկրտչյան

Էկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում

Էկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 19-ին ընդունել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

 

Նախարարության հաղորդագրության համաձայն, կարևորելով երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ Գևորգ Պապոյանն առաջարկել է ճապոնական կողմին դիտարկել հարաբերությունների ընդլայնման հնարավորությունը մասնավորապես գյուղատնտեսության, զբոսաշրջության և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ոլորտներում։

 

Նախարարը հեռանկարային է համարել նաև գործակցությունը շինարարարության և ենթակառուցվածքների ապահովման, ինչպես նաև «Ակադեմիական քաղաք»-ի ստեղծման ուղղությամբ։

 

Դեսպանը նշել է, որ ճապոնական շուկային կարող է հետաքրքրել, մասնավորապես, Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքը, հայկական մշակույթն ու պատմությունը։

 

Անդրադարձ է կատարվել նաև «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությանը։