Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է «Դիջիթեյն» ընկերություն՝ ծանոթանալու ընկերության էկոհամակարգի պրոդուկտներին, ենթակառուցածքներին և զարգացման ծրագրերին։
ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, Մխիթար Հայրապետյանը «Դիջիթեյնի» հիմնադիր Վարդգես Վարդանյանի հետ շրջայց է կատարել ընկերության մասնաշենքերում, ծանոթացել «Սպորտջեներեյթ», «Ռելում», «Գալաքսիս», «Իմեջինլայվ» ընկերությունների գործունեությանն ու մասնագիտական ներուժին, «Դիջիթեյնի» նոր մասնաշենքների նախագծերին, հետաքրքրվել ընկերության ընդլայնման ծրագրերով և հեռանկարներով։ Ընկերության աշխատակիցները նախարարին են ներկայացրել «Դիջիթեյնի» պրոդուկտները, միջազգային մրցանակները և հաջողություններն արտաքին շուկաներում։
Վարդգես Վարդանյանը նշել է, որ ընկերությունն ընդլայնվում է ոչ միայն Հայաստանում, այլև երկրից դուրս՝ գրասենյակներ հիմնելով Ռումինիայում, Մեծ Բրիտանիայում և Մալթայում։ Նրա խոսքով՝ Դիջիթեյնը վերջին տարիներին շեշտակի աճ է գրանցել մի շարք ուղղություններով, մեծացրել աշխատակազմը և ավելացրել պրոդուկտները։
Նշենք, որ «Դիջիթեյն»-ը սպորտային խաղադրույքների և խաղային-ժամանցային հարթակների տեխնոլոգիական լուծումների մշակող է: Ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին և առաջարկում է ծառայությունների և ապրանքների լայն տեսականի iGaming արդյունաբերությունում: Աշխատակիցների հաստիքներն այսօր գերազանցում են 3 հազարը։
Հիշեցնենք, որ «Մոդեքս» խորհրդատվական ընկերության հետազոտության համաձայն, 2023 թվականին Հայաստանի ՏՏ ոլորտում վարձու աշխատողների կամ պայմանագրային հիմունքներով աշխատողների թիվը 2023 թվականի վերջին կազմել է 33,980։ Հատվածի աշխատավարձերի միագումար պորտֆելը մեկ տարում ավելացել է 36% - ով՝ կազմելով 410 մլրդ դրամ։ «Մոդեքս»-ի տվյալների համաձայն, ճյուղային ընկերություններն, ընդհանուր առմամբ, վճարել են 135 մլրդ դրամի հարկեր, ինչը 51% - ով գերազանցում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշը:
Ինչպես վկայում է ՀՀ վիճակագրական կոմիտեն, Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտը 2023 թվականին ապահովել է 883.2 մլրդ դրամի հասույթ (ավելի քան 2.2 մլրդ դոլար)՝ մեկ տարում 54.8% աճով։