Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024 16:25
Կարինա Մելիքյան

ՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանը

ՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանը

Արմինֆո. Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանին ուղղված 116 միլիոն դոլարին համարժեք գումարով Զարգացման քաղաքականության գործառնություն (ԶՔԳ)՝ կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման ուղու խթանմանը միտված բարեփոխումներին աջակցելու համար։

 

ՀԲ հաղորդագրության համաձայն, ԶՔԳ -ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) ֆինանսավորումը՝ 92․3 միլիոն եվրո վարկի գումարով (100  միլիոն դոլարին համարժեք) և «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամի» (Global Concessional Financing Facility (GCFF)) դրամաշնորհը՝  16 միլիոն դոլար գումարի չափով։

 

Բյուջետային աջակցությունը Հայաստանի կառավարությանը կօգնի կլիմայական դիմակայունության ստեղծման և ապագա ցնցումներից խոցելիության նվազեցման հարցում։

 

«Զարգացման քաղաքականության այս գործառնությունն օժանդակում է Հայաստանում սոցիալական հավասարության բարելավման, մարդկային կապիտալի հզորացման, լավ կառավարման ուժեղացման և կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանման համար նախատեսված բարեփոխումների փաթեթի»,- ասել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։

 

Գործառնությունը համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների հնգամյա ծրագրի հետ: Այն ներառում է գործողություններ, որոնք կամրապնդեն հակակոռուպցիոն միջոցառումները` ներդնելով ամուր շրջանակ` ազդարարման համակարգով և պետական ծառայողների նվերների մոնիտորինգի մեխանիզմով: Հաստատված գործառնությունը համահունչ է նաև Փարիզյան համաձայնագրին։  Գործառնությունը կաջակցի Կառավարության բարեփոխումներին հետևյալ ոլորտներում․

 

Կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանում և շրջակա միջավայրի կառավարման կարգավորման դաշտի բարելավում․

 

Հավասարության բարելավում և մարդկային կապիտալի զարգացման խթանում․

 

Հակակոռուպցիոն շրջանակի հզորացում և արդարադատության ոլորտի արդյունավետության բարձրացում։

1992 թ․-ին Հայաստանում իր գործունեությունը սկսելուց ի վեր Համաշխարհային բանկը շուրջ 2․7 միլիարդ դոլար է տրամադրել Միջազգային զարգացման ընկերակցությունից (ՄԶԸ), Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից (ՎԶՄԲ) և հավատարմագրային հիմնադրամներից։  Հայաստանը  2023 թ․ դարձավ ՄԶԸ-ի դոնոր։ Համաշխարհային բանկը հանձնառու է շարունակելու Հայաստանի զարգացման ուղուն իր աջակցությունը՝  կենսունակ մոլորակի վրա աղքատությունը նվազեցնելու համար։

 

«Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամը» (GCFF) 2016 թվականին ստեղծված ֆինանսական միջնորդ հիմնադրամ է, որը արտոնյալ ֆինանսավորում է տրամադրում միջին եկամուտ ունեցող երկրներին: Այս գործողության շրջանակներում Հայաստանին տրամադրված ներդրումները տրամադրվել են Նիդեռլանդների և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների կողմից: