Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024 15:21
Նաիրա Բադալյան

Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի շինարարության վարկավորումը կդառնա ՎԶԵԲ-ի կողմից երբևէ Հայաստանում իրականացվող խոշորագույն ծրագիրը . բանկի նախագահ

Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի շինարարության վարկավորումը կդառնա ՎԶԵԲ-ի կողմից երբևէ Հայաստանում իրականացվող խոշորագույն ծրագիրը . բանկի նախագահ

Արմինֆո.Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանին կտրամադրի 236 մլն եվրո Հյուսիս-Հարավ ներդրումային ծրագրի Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի կառուցման համար: Այն կդառնա Բանկի կողմից Հայաստանում երբևէ իրականացվող խոշորագույն ծրագիրը։ Այդ մասին Երեւանում ՎԶԵԲ-ի 33-րդ տարեկան ժողովում հայտարարել է բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոն։

 

Ինչպես վարկային համաձայնագրի ստորագրումից հետո նշել է ՎԶԵԲ-ի կայուն ենթակառուցվածքի խմբի գործադիր տնօրեն Նանդիտա Փարշադը, նախագիծը Հայաստանի համար ռազմավարական առաջնահերթություն է Եվրոպայի եւ այլ տարածաշրջանների հետ կապի ապահովման առումով եւ որպես "Հյուսիս-Հարավ" միջանցքի կարեւորագույն բաղադրիչ եւ Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի (TEN-T) ընդլայնված համակարգի մաս:

 

Ինչպես լրագրողների հետ զրույցում պարզաբանել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Հյուսիս - Հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ տրանշի Սիսիան-Քաջարան (ներառյալ Բարգուշատի թունելը) շուրջ 60 կմ երկարությամբ նոր ճանապարհահատվածի ներդրումային ծրագիրը նախատեսվում է իրականացնել երեք ենթաբաժիններով ՝ հյուսիսային հատված ՝ 27,12 կմ երկարությամբ, Բարգուշատի թունելի ՝ 8,65 կմ երկարությամբ, և հարավային հատված ՝ 24,25 կմ երկարությամբ: Ընդամենը երեք ենթաբաժինների կառուցման համար կպահանջվի 708 մլն եվրո վարկային միջոցներ:

 

Հարավային ենթաբաժինը նախատեսվում է իրականացնել ՎԶԵԲ-ի և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) համատեղ ֆինանսավորմամբ: ՎԶԵԲ - ի կողմից ներկայացված նախնական ծրագրի համաձայն, հարավային հատվածի ֆինանսավորման համար անհրաժեշտ վարկային միջոցները կազմում են 373 մլն եվրո, որից 236 մլն եվրոն նախատեսվում է ներգրավել ՎԶԵԲ-ից, իսկ մնացած 137 մլն եվրոն ՝ ԵՆԲ-ից:

Համաձայնագրի շրջանակում կկառուցվի 24,25 կմ երկարությամբ ասֆալտբետոնե ճանապարհ, որը թույլ կտա Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի երկարությունը ներկայիս 115 կմ-ից կրճատել մինչև 60 կմ, ինչի արդյունքում կկրճատվի ճանապարհահատվածի ժամանակը, իսկ տրանսպորտային միջոցների միջին արագությունը 50 կմ/ժ-ից կդառնա 100 կմ/ժ, կբարձրանա երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը: Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի նաև ապրանքաշրջանառության ավելացմանը, տրանսպորտային ծախսերի նվազեցմանը, տարանցիկ տրանսպորտի ներգրավմանը և զբոսաշրջության զարգացմանը:

 

Ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները ներառում են ' ասֆալտբետոնե ծածկույթով 11,1 մ լայնությամբ (ներառյալ ամրացված կողերը) ճանապարհի կառուցում, 3 երթևեկելի գոտի (3,30 մ), 5 թունելների, 11 կամուրջների, 68 ձորակների, 43 հենապատերի կառուցում, անվտանգ երթևեկությունն ապահովող այլ աշխատանքների կատարում:

 

Համաձայնագրով ֆինանսավորվող հարավային ենթաբաժնի նախագիծը բաղկացած է հետևյալ մասերից. Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի կառուցում (նախագծման փուլ), Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի կառուցում (շինարարության փուլ), ինժեներական հսկողություն, նախագծերի կառավարման խորհրդատու: Նախագիծը նախատեսվում է ավարտել մինչև 2032 թվականի նոյեմբեր (շինարարության պլանավորված ավարտը ՝ 2030 թվականի նոյեմբեր, թերությունների համար պատասխանատվության ժամկետի ավարտը ՝ 2032 թվականի նոյեմբեր):

 

Վարկային համաձայնագրի համաձայն ՝ ծրագրի իրականացման համար պատասխանատու պետական լիազորված մարմինը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է, իսկ ծրագիրն իրականացնող գործակալությունը ՝ "Ճանապարհային դեպարտամենտ>" հիմնադրամը:

Մնացած երկու տեղամասերի վերաբերյալ, նախարարի խոսքով, քննարկումներ են ընթանում նաև պոտենցիալ դոնորների հետ, և առաջիկայում սպասվում է դրանց վերաբերյալ համաձայնագրի ստորագրում: