Արմինֆո. Այսօր կառավարության նիստում գործադիրի որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով առաջարկվում է առավել ճկուն դարձնել գնման ընթացակարգերի արդյունքում կնքված պայմանագրերի կատարման նկատմամբ հանրային հսկողության իրականացման պայմանները:
Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, մասնավորապես, նախատեսվում է սահմանել, որ պայմանագրի արդյունքի ընդունման գործընթացներին մասնակցելու ցանկություն հայտնած հասարակական կազմակերպությունները և լրատվական գործունեություն իրականացնող անձինք հաշվառվելով ՀՀ ֆինանսների նախարարությունում, կստանան ավտոմատ եղանակով իրենց կողմից ընտրված՝ պետական գաղտնիք չպարունակող պայմանագրերի արդյունքների ընդունման գործընթացին դիտորդների միջոցով մասնակցելու հնարավորություն: Հաշվառված կազմակերպությունները և դիտորդների տվյալները կհրապարակվեն գնումների պաշտոնական տեղեկագրում, դիտորդներին կտրամադրվեն վկայականներ, որոնք անխոչընդոտ կապահովեն գործընթացներին մասնակցության հնարավորությունը: Կառավարության որոշման ընդունումը նպատակ ունի շարունակաբար բարելավել պայմանագրերի կատարման նկատմամբ հանրային հսկողության իրականացման գործիքակազմը: Արդյունքում՝ կբարելավվի պայմանագրերի կատարման նկատմամբ հանրային հսկողության իրականացման գործիքակազմը:
Վարչապետը որոշման հետ կապված նշել է. «Մենք երկու տարի առաջ որոշումն ընդունել էինք, բայց հիմա մոնիտորինգ ենք արել և տեսել ենք, որ այդքան էլ ակտիվ չեն: Հիմա փորձում ենք պարզեցնել սխեմաները, որպեսզի լրագրողները, հասարակական կազմակերպությունները և մրցակիցներն ավելի ակտիվ վերահսկեն մյուսների գործունեությունը»:
Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի խոսքով, պիլոտային եղանակով Ֆինանսների նախարարության գործընկերների, հասարակական կազմակերպությունների և լրագրողների հետ արդեն իսկ իրականացվել է երկու շրջայց և Քաղաքաշինության կոմիտեն պատրաստակամություն է հայտնել վերապատրաստման կուրսերի իրականացման մասով:
Կառավարության ղեկավարի խոսքով, այս որոշման լավարկումն ի ցույց է դնում թափանցիկության սկզբունքի նկատմամբ կառավարության վերաբերմունքը: