Ուրբաթ, 31 Մայիսի 2024 18:32
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարար. Հայաստանի արտահանման ռազմավարության կարեւոր բաղադրիչներից մեկը կլինի արդյունաբերական գոտիների ստեղծումը

Էկոնոմիկայի նախարար. Հայաստանի արտահանման ռազմավարության կարեւոր բաղադրիչներից մեկը կլինի արդյունաբերական գոտիների ստեղծումը

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 31-ին մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի շրջանակներում Հայաստանի 2025-2030թթ. արտահանման ռազմավարության վերլուծական զեկույցի և արդյունքային շրջանակի քննարկմանը։ Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն,  միջոցառմանը մասնակցել են նաև ԱՄՆ ՄԶԳ (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։

 

«Արտահանման ռազմավարության մշակումը շատ առանցքային նշանակություն ունի մեզ համար, ռազմավարության մեջ առաջնահերթությունը տրվելու է շուկայի դիվերսիֆիկացմանը: Նվազեցնելով մեր կախվածությունը և ուսումնասիրելով նոր շուկաները՝ մենք կարող ենք մեղմել ռիսկերը և ապահովել ավելի կայուն տնտեսական ապագա», - նշել է Գևորգ Պապոյանը։

 

Նախարարն ընդգծել է, որ Հայաստանի 2025-2030թթ. արտահանման ռազմավարությունը նպատակ ունի գտնել և օգտագործել եզակի լոգիստիկ հնարավորություններ՝ օգնելով արտահանողներին արդյունավետորեն հաղթահարել հնարավոր խոչընդոտները:

 

Արտահանման ռազմավարության կարևոր բաղադրիչների թվում նախարարը մատնանշել է արդյունաբերական գոտիների ստեղծումը, որոնք կծառայեն որպես նորարարության և արտադրության կենտրոններ՝ առաջ մղելով արտահանման հնարավորությունները:

 

Քննարկման ընթացքում ներկայացվել են Հայաստանի արտահանման ռազմավարության տեսլականը և ռազմավարական ուղղությունները, արտահանման առաջնային ապրանքներն ու ուղղությունները, ծառայությունները, արտահանման շուկաները և այլ ոլորտային թեմաներ։