Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) զեկույց է ներկայացրել Եվրասիական տրանսպորտային կարկասի մասին: Շնորհանդեսը տեղի է ունեցել Ալմաթիում ընթացող բանկի տարեկան ժողովի և գործարար համաժողովի շրջանակներում:
Բանկի պաշտոնական կայքում հրապարակված զեկույցի համաձայն, Եվրասիական տրանսպորտային կարկասը Եվրասիայի երկրների ներքին և անդրմայրցամաքային կապն ապահովող լայնութային և միջօրեական միջազգային տրանսպորտային միջանցքների և երթուղիների զուգակցված ցանց է: Եվրասիական տրանսպորտային կարկասի հիմքը կազմում են Արևելք - Արևմուտք և Հյուսիս - Հարավ ուղղություններով միջազգային տրանսպորտային միջանցքները, որոնք միացնում են Ասիան, Եվրոպան և Մերձավոր Արևելքը:
Եվրասիական տրանսպորտային կարկասի կազմի մեջ են մտնում հինգ գլխավոր միջազգային տրանսպորտային միջանցքները՝ Հյուսիսային, Կենտրոնական և Հարավային եվրասիական միջանցքները, ՏՐԱՍԵԿԱ և <Հյուսիս - Հարավ> ՄՏՄ-ները, որոնք համալրված են ավելի քան 50 հազար կմ ընդհանուր երկարությամբ ճյուղերով և տարածաշրջանային երթուղիներով:
Եվրասիական տրանսպորտային կարկասի հայեցակարգը ներառում է 10 համակարգային տարր. տրանսպորտային միջանցքների և երթուղիների սիներգիա, տրանսպորտային խաչմերուկ Կենտրոնական Ասիայում, ներտարածաշրջանային տնտեսական կապի գերակայություն, ագրոարդյունաբերական ներուժի իրացման ազդակ, ապահովագրություն գլոբալ առևտրա-լոգիստիկ շղթաների համար, առևտրի աշխարհագրության անհավասարակշռության նվազեցում, միջանցքների և տրանսպորտի տեսակների մրցակցությունից դեպի դրանց փոխազդեցություն, հատուկ ուշադրություն <նյարդային> հանգույցների (տրանսպորտային հանգույցների) նկատմամբ, կոնտեյներավորման աճ, փափուկ ենթակառուցվածքի կատարելագործում:
Ինչպես նշվում է զեկույցում, իր գործունեության վերջին մի քանի տարիների ընթացքում, որպես տարբեր ենթակառուցվածքային նախագծերի զարգացման և իրականացման առանցքային տարածաշրջանային ինստիտուտ, ԵԱԶԲ-ն հայեցակարգայնոորեն հիմնավորել է եվրասիական տրանսպորտային կարկաս հասկացությունը և այն քննարկման է դրել հանրային տարածք: Եվրասիական տրանսպորտային կարկաս հասկացության հիմքում դրված է եվրասիական տրանսպորտային միջանցքների միացման և փոխլրացման կարևորության գաղափարը, որի շնորհիվ մեծանում է տրանսպորտային կապվածությունը, նվազում են առևտրային ծախսերը և դյուրացվում մուտքը միջազգային շուկաներ, հատկապես՝ դեպի ծով ելք չունեցող միջմայրցամաքային պետությունների համար: