Հինգշաբթի, 4 Հուլիսի 2024 14:58
Ալեքսանդր Ավանեսով

Համաշխարհային բանկը Հայաստանին դրամաշնորհ կտրամադրի բնապահպանական ծրագրերի իրականացման համար

Համաշխարհային բանկը Հայաստանին դրամաշնորհ կտրամադրի բնապահպանական ծրագրերի իրականացման համար

Արմինֆո. Համաշխարհային բանկի խմբի մեջ մտնող Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը և Միջազգային զարգացման ընկերակցությունը Հայաստանին դրամաշնորհ կտրամադրեն բնապահպանական ծրագրերի իրականացման համար:

 

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, գործադիրը հուլիսի 4-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «RESILAND» Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:

 

«2021-2030 թթ. Ազգային մակարդակով սահմանված գործողությունների շրջանակներում Հայաստանը պարտավորվել է մինչ 2030 թ. 40 տոկոսով կրճատել ջերմոցային գազերի արտանետումները։ Ի հավելումն անտառվերականգնման աշխատանքներին՝ համաձայնագրով նախատեսվող ջրաճահճային տարածքների վերականգնումը կօգնի հասնել սահմանված առաջնահերթություններին՝ հաշվի առնելով նմանատիպ էկոհամակարգերում ածխածնի կլանման զգալի կարողությունները։ Համաձայնագրի շրջանակներում վերականգնման ենթակա անտառային և ջրաճահճային տարածքները՝ որպես արժեքավոր էկոհամակարգեր, ունեն առաջնային նշանակություն կենսաբազմազանության պահպանության և կլիմայի փոփոխության մեղմման տեսանկյունից։ Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում երկրի առաջնային խնդիրներից է նաև լքված և տիրազուրկ հանքավայրերի տեղամասերի առկայությունը. այդ տեղամասերից աղտոտող նյութերն արտահոսում են՝ բացասաբար ազդելով մարդկանց առողջության և կենսաբազմազանության վրա», - ասվում է հաղորդագրությունում: