
Արմինֆո.Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ՌԴ կատարած այցի շրջանակներում հանդիպել է Արաբական միացյալ էմիրությունների արտաքին առևտրի պետական նախարար Թանի բին Ահմեդ Ալ Զայուդիի և Արդյունաբերության և առաջատար տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Օմար Սուվայնա Ալ Սուվայդիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։
Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարները, արտահանման խթանմանը, որակի ստանդարտացմանը վերաբերող հարցեր, անդրադարձել են այն ծրագրերին, որտեղ էմիրաթական կողմը կարող է հանդես գալ որպես համաներդրող։
Ներկայացնելով Շիրակի մարզում «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագիծը՝ նախարարն առաջարկել է քննարկել այս ուղղությամբ ևս համագործակցելու հնարավորությունները։
Գևորգ Պապոյանն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որը կնպաստի Հայաստանի և հարևան երկրների համար տարածաշրջանում խաղաղության և կայունության նոր իրավիճակի ստեղծմանը։
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների ՝ Հայաստանի և ԱՄԷ-ի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2024թ. հունվար-մայիս ամիսներին աճել է 7.2 անգամ՝ գերազանցելով 3.3 մլրդ դոլարը: Արտահանումն աճել է 7.5 անգամ ՝ մինչեւ 3.3 մլրդ դոլար՝ ներմուծման 1.2%-ով, մինչև 19.9 մլն դոլար անկման պայմաններում: