Երեքշաբթի, 9 Հուլիսի 2024 12:21
Ալինա Հովհաննիսյան

ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստում քննարկվել են ռոբոտատեխնիկայի զարգացման միջպետական ծրագրի մշակման հնարավորությունները

ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստում քննարկվել են ռոբոտատեխնիկայի զարգացման միջպետական ծրագրի մշակման հնարավորությունները

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստին:

Նիստի ընթացքում մասնակիցները քննարկել են մինչև 2030 թվականը ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները: Մասնավորապես, նրանք քննարկել են ռոբոտատեխնիկայի զարգացման, արդյունաբերական ռոբոտների արտադրության և ներդրման միջպետական ծրագրի մշակման հնարավորությունները, ինչպես նաև ԵԱՏՄ արդյունաբերական ճյուղերում համատեղ կոոպերատիվ նախագծերի իրականացման ժամանակ ցուցաբերվող ֆինանսական աջակցության հետ կապված հարցեր:

 

Գևորգ Պապոյանը նիստի ընթացքում նշել է, որ կարևոր է մշակել այնպիսի ընդհանուր մեխանիզմներ, որոնք ուղղված կլինեն արդյունաբերության ոլորտին աջակցությանը, նորարարությունների խթանմանը, տեխնոլոգիական արդիականացմանը և արտադրանքի մրցունակության բարձրացմանը:

 

Նշենք, որ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստում, որը կայացել է ԻՆՆՈՊՐՈՄ միջազգային համաժողովի շրջանակներում, հավանության է արժանացել նաեւ մինչեւ 2030 թվականն ընկած ժամանակահատվածում ԱՊՀ մասնակից պետությունների տրանսպորտային միջոցների համար բնական գազի ՝ որպես շարժիչային վառելիքի օգտագործման զարգացմանն ու խթանմանն ուղղված միջոցառումների համալիրի նախագիծը: Ներկայացվել են նաև թեթև արդյունաբերության ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության զարգացման հայեցակարգի և դրա իրականացման միջոցառումների ծրագրի նախագծերը, ինչպես նաև հավանության է արժանացել ծանր մեքենաշինության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի նախագիծը