Արմինֆո. Արցախից բռնի տեղահանված շուրջ 20 հազար մարդ աշխատանքի է տեղավորվել Հայաստանում։ Բացի այդ, արդեն մի քանի հարյուր արցախցիներ դիմել են բնակարանով ապահովելու կառավարության ծրագրին մասնակցելու համար: Այդ մասին հուլիսի 10-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը:
"Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ ապրիլի դրությամբ եղել է 15-16 հազար պաշտոնապես աշխատանքի տեղավորված", - ասել է նա, հավելելով, որ անցած ժամանակահատվածում նրանց թիվն ավելացել է: Բացի այդ, շատերը թեև աշխատանք են գտել, բայց պաշտոնապես չեն գրանցվել։ "Օրինակ, շատ տաքսու վարորդներ, որոնք, ինչպես տեսնում ենք, Արցախից տեղահանված են", - նշել է նա: Փոխնախարարի գնահատմամբ ՝ պաշտոնապես աշխատանքի տեղավորված արցախցիների թիվը կավելանա, դա, ընդամենը, ժամանակի հարց է։
Ինչ վերաբերում է Արցախից տեղահանվածներին ՀՀ-ում բնակարանով ապահովելու հարցերին, փոխնախարարը նշել է, որ արդեն մի քանի հարյուր արցախցիներ դիմել են կառավարության ծրագրին մասնակցելու և բնակարանների ձեռք բերման հավաստագրեր ստանալու համար: Յուրաքանչյուր անձի տրվող հավաստագիրը նախատեսում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար հատկացնել 3-5 միլիոն դրամ: Ձեռք բերվող բնակարանի մակերեսը չպետք է պակաս լինի 12 քմ-ից՝ ընտանիքի մեկ անդամի համար, իսկ բնակարանի գինը չի կարող գերազանցել 55 մլն դրամը, հիշեցրել է Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ մայիսին հաստատվել էր բռնի տեղահանվածներին բնակարաններով ապահովման պետական ծրագրի իրականացման կարգը: Առաջիկա 10-12 տարիների ընթացքում Հայաստանի իշխանությունները ծրագրի իրականացման համար կծախսեն մոտ 700-800 մլրդ դրամ։