Չորեքշաբթի, 17 Հուլիսի 2024 12:14
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում կհիմնվի տոհմակայան՝ խոշոր եղջերավոր կենդանիների մթերատվության բարձրացման համար

Հայաստանում կհիմնվի տոհմակայան՝ խոշոր եղջերավոր կենդանիների մթերատվության բարձրացման համար

Արմինֆո. «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ում տեղի է ունեցել «Խոշոր եղջերավոր կենդանիների մթերատվության բարձրացման ծրագրին» նվիրված աշխատաժողով, որին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը, ոլորտի այլ ներկայացուցիչներ։

 

ԽԵԿ-ի մթերատվության բարձրացման ծրագրով ՌԶԳ-ի հետ համատեղ «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի բազայի վրա նախատեսվում է տոհմակայանի հիմնում, որը կնպաստի ծրագրի իրականացման արդյունավետության ապահովմանը, ՀՀ-ում բուծվող տավարի տոհմային հատկանիշների և մթերատվության բարձրացմանը։ Ներկայումս ՀՀ-ում նմանատիպ կայան չի գործում։

 

Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, ծրագրի շրջանակում ՌԶԳ-ն կարող է տրամադրել տեխնիկական աջակցություն, կազմակերպել վերապատրաստման դասընթացներ անասնաբույժների և արհեստական սերմնավորման մասնագետների համար, ինչպես նաև իրականացնել իրազեկման արշավներ։

 

Տաթևիկ Սարգսյանը բարձր է գնահատել ՌԶԳ աջակցությունը Կառավարության նախաձեռնությունների իրականացմանը և հույս հայտնել, որ այդ համագործակցությունը այսուհետ ևս կլինի բազմաբնույթ և արդյունավետ։

 

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են նաև անասնաբուծության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի ընթացիկ արդյունքները։ Առանձին անդրադարձ է կատարվել ոլորտում առաջիկայում նախատեսվող նոր ծրագրերին։

 

Ծրագիրն իրականացվելու է Ավստրիայի զարգացման գործակալության և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ: Վերջինիս բյուջեի մասին չի հաղորդվում։

 

Նշենք, որ Վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցված է 491 594 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, ինչը 2 տոկոսով զիջում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշին։