
Արմինֆո.Հեղուկ գազի գինը, միջին հաշվով, 100-110 դրամի սահմաններում է, ինչը պայմանավորված է միջազգային բորսայում գների բարձրացմամբ։ Այդ մասին հուլիսի 18-ին ճեպազրույցում հայտարարել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը։ Ընդ որում, նա նշել է, որ գների աճի միտում նկատվում է ոչ միայն մեր երկրում, այլեւ ողջ աշխարհում։
Գևորգյանը հորդորել է չհամեմատել Հայաստանում հեղուկ գազի գինը մի շարք այլ երկրների հետ, որտեղ գործում են ներքին գներ: "Դուք նայեք գները բորսայում, տրանսպորտային ծախսերը, իսկ հետո համեմատեք՝ մեր շուկայում գները բարձր են, թե ոչ", - ընդգծել է պաշտոնյան:
Նա նաև հերքել է տեղեկություններն այն մասին, որ մեր երկրում գների աճը կապված է հեղուկ գազի ներկրմամբ զբաղվող 21 ընկերությունների դաշտից դուրս գալու հետ։ Հղում անելով վերջին տվյալներին՝ ՄՊՀ ղեկավարը հաղորդել է, որ այսօր Հայաստանում գործում է 98 ներմուծող ընկերություն, որոնցից 10 խոշորներին բաժին է ընկնում ոչ ավելի, քան՝ 4-5 տոկոսը։
Նա անդրադարձել է նաև բենզինի շուկայում տիրող իրավիճակին, որտեղ գնի նվազում է գրանցվել (40-50 դրամով), նշելով, որ դեռևս իրավիճակի ուսումնասիրման գործընթացներ են ընթանում։ «Մենք կարծում ենք, որ այնտեղ չարաշահումներ են եղել: Սակայն վերջնական որոշում չկա, ուստի առայժմ պնդել չենք կարող», - նշել է Գեւորգյանը ։