Երկուշաբթի, 22 Հուլիսի 2024 18:17
Ալինա Հովհաննիսյան

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պատրաստ է աջակցել հեռահաղորդակցությանը. Մխիթար Հայրապետյանն այցելել է Team Telecom Armenia ընկերություն

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պատրաստ է աջակցել հեռահաղորդակցությանը. Մխիթար Հայրապետյանն այցելել է Team Telecom Armenia ընկերություն

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանի հետ այցելել է Team Telecom Armenia ընկերություն:

Ընկերության հաղորդագրության համաձայն, նախարարը Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն ու համահիմնադիր  Հայկ Եսայանի ուղեկցությամբ շրջայց է կատարել ընկերությունում, ծանոթացել ենթակառուցվածքներին, ինչպես նաև այցելել Կապի թանգարան։  Հայկ Եսայանը նախարարին է ներկայացրել վերջին տարիների ձեռքբերումները, կիսվել ընկերության ռազմավարական ծրագրի՝ 25 Գբ/վ թողունակությամբ NGN ցանցի կառուցման ընթացքով, խոսել բաց բաժնետիրական ընկերություն դառնալու որոշման կարևորության, ներդրումային ծրագրերի ու զարգացման հիմնական ուղղությունների մասին: Եսայանն ընդգծել է, որ ոլորտում Հայաստանը գտնվում է բարենպաստ դիրքերում:

Կողմերը քննարկել են հեռահաղորդակցության ոլորտի ներկա մարտահրավերները և զարգացման հեռանկարները։ Մխիթար Հայրապետյանը հավաստիացրել է, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցելու շուկայի դերակատարներին՝ բարելավելու հեռահաղորդակցական ծառայությունների որակը: Նախարարն ընդգծել է, որ մասնավոր բիզնեսի շահն այս դեպքում համընկնում է պետական շահի հետ:

Այցի ընթացքում քննարկվել է կապի ոլորտում առկա խնդիրների, դրանց լուծման հնարավորությունների վերաբերյալ մանրամասներ: Նախարարն իր հերթին պատրաստակամություն է հայտնել այդ ուղղությամբ խորացնելու պետություն֊մասնավոր համագործակցությունը:

Տեղի ունեցած քննարկման ընթացքում, որին մասնակցել են ընկերության ներկայացուցիչներ, անդրադարձ է կատարվել նաև աշխատանքի ընթացքում առաջացած խոչընդոտներին և առաջարկ է արվել ոլորտին առնչվող  հանդիպումներում ներգրավել  նաև նախարարության ներկայացուցիչներին՝ խնդիրներին և դրանց լուծման հնարավոր տարբերակներին ավելի խորը ծանոթանալու նպատակով: