Չորեքշաբթի, 24 Հուլիսի 2024 15:23
Ալինա Հովհաննիսյան

ՀԱԷԿ-ում քննարկել են Հայաստանում նոր էներգաբլոկի կառուցմանը ֆրանսիական կողմի մասնակցության հնարավորությունը

ՀԱԷԿ-ում քննարկել են Հայաստանում նոր էներգաբլոկի կառուցմանը ֆրանսիական կողմի մասնակցության հնարավորությունը

Արմինֆո. Հուլիսի 23-ին Հայկական ԱԷԿ է այցելել ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվյե Դըկոտինյիի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին նաև ֆրանսիական «Ֆրամատոմ» ընկերությունից Հայաստան ժամանած մասնագետները:

Ինչպես հաղորդում է ՀԱԷԿ-ի մամուլի ծառայությունը,  ՀԱԷԿ-ի  ղեկավարության հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու  կողմերին հետաքրքրող կարևոր հարցեր, անդրադարձ է կատարվել ՀԱԷԿ-ի գործունեության այն ոլորտներին, որտեղ հնարավոր է հայ-ֆրանսիական համագործակցությունը, ինչպես նաև նշվել են այն աշխատանքներն ու նախագծերը, որոնք հաջողությամբ իրականացվել են ՀԱԷԿ-ում «Ֆրամատոմ» ընկերության հետ համատեղ՝ ֆրանսիական տեխնոլոգիաների կիրառմամբ:

Արդեն իրականացվող կամ մոտ ապագայում նախատեսվող ծրագրերի շարքում հատկապես կարևորվել է Հայաստանում նոր էներգաբլոկ կառուցելու նպատակով տարբեր երկրների հետ իրականացվող փոխգործակցությանը նաև Ֆրանսիայի մասնակցության հնարավորությունը: ՀԱԷԿ-ի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել համագործակցել ֆրանսիական կողմի հետ այս կարևոր հարցում և ուսումնասիրել ռեակտորային տեխնոլոգիաների վերաբերյալ առաջարկները:

Հանդիպման ավարտին կողմերը ներկայացրել են իրենց առաջարկությունները և հույս հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի արդյունավետ և փոխշահավետ համագործակցություն սկսել դիտարկված ոլորտներում:

Նշենք, որ «Ֆրամատոմ»-ը ստեղծվել է 1958 թվականին ՝ որպես Schneider, Merlin Gerin և ամերիկյան Westinghouse Electric ընկերությունների համատեղ ձեռնարկություն ՝ Եվրոպայում Westinghouse միջուկային տեխնոլոգիաների առաջխաղացման համար։ Ընկերությունը հայտնի է միջուկային էներգետիկայի ոլորտում իր նորարարական լուծումներով և առաջադեմ տեխնոլոգիաներով:

 

Հիշեցնենք, որ 2024 թվականին Հայկական ԱԷԿ-ում կսկսվի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ծրագրի իրականացումը ։ Այդ նպատակներին կուղղվի 20,2 մլրդ դրամ։ Նշված ժամկետին զուգահեռ երկրում պետք է կառուցվի նոր ատոմային էներգաբլոկ ։ Հարցը տվյալ բլոկի հզորությունն է, որը պետք է համատեղվի երկրի էներգահամակարգի հետ։ Ավելի վաղ ԱՄՆ-ը Երեւանին առաջարկել էր փոքր մոդուլային ռեակտորների կառուցման իր տարբերակը, ինչի մասին հայտարարել էր ամերիկյան կառավարության օգնության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգին: Ռուսաստանի Դաշնությունն, իր հերթին,  առաջարկել է 1200 ՄՎտ հզորությամբ էներգաբլոկի իր նախագիծը, սակայն, ինչպես ավելի վաղ նշել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նման հզորության էներգաբլոկի կառուցումը հղի է խնդիրներով, քանի որ Հայաստանի ողջ էներգետիկ համակարգի հզորությունները կազմում են հենց 1200 ՄՎտ: