Շաբաթ, 10 Օգոստոսի 2024 11:37
Ալեքսանդր Ավանեսով

Քաղաքաշինության ոլորտում լայնածավալ նախագծերի իրականացման համար անհրաժեշտ կլինեն շատ ավելի մեծ շինարարական հզորություններ. փոխվարչապետ

Քաղաքաշինության ոլորտում լայնածավալ նախագծերի իրականացման համար անհրաժեշտ կլինեն շատ ավելի մեծ շինարարական հզորություններ. փոխվարչապետ

Արմինֆո. Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Շինարարի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը: Նա շնորհավորել է շինարարներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր աշխատանք:

«Կառավարությունն իր գործունեության ընթացիկ ծրագրով ստանձնել է պարտավորություն՝ իրագործելու աննախադեպ ծավալի քաղաքաշինական ծրագրեր հանրապետության ողջ տարածքում՝ կառուցելով մի քանի հարյուր դպրոց և նախադպրոցական հաստատություններ, առողջապահական, մարզական, մշակութային օբյեկտներ, հազարավոր կիլոմետրերով ճանապարհներ, իրականացնելով ենթակառուցվածքային բարդ և մեծածավալ այլ ծրագրեր:
Այս խոշորամասշտաբ նախագծերն իրականացնելու համար կպահանջվեն բազմապատիկ մեծ շինարարական կարողություններ։ Կառավարության ծրագրի՝ ժամանակին և որակով իրագործումը մեծապես կախված է նաև շինարարական կազմակերպությունների կարողություններից, որակյալ և սրտացավ աշխատանքից, զարգացման ուղղությամբ ներդրումներից, և, իհարկե, պետություն-մասնավոր գործակցության արդյունավետությունից»,-իր ելույթում նշել է Տիգրան Խաչատրյանը:

Կառավարության հաղորդագրության համաձայն, փոխվարչապետը խոսել է նաև որակի և տեխնոլոգիական նորարարությունների կարևորության մասին. «Մենք ակնկալում ենք, որ շինարարական կազմակերպությունները կշարունակեն ավելացնել իրենց կարողությունները՝ մեր հավակնոտ ծրագրերը ժամանակին իրագործելու նպատակով: Կարևորն այն է, որ շինարարությունը լինի տնտեսության շարժիչ ուժը ոչ միայն իր ծավալներով, այլև տեխնոլոգիական առաջընթացով, որակով, նորարարական մոտեցումներով, շինարարական աշխատանքների կազմակերպման մշակույթով: Այս համատեքստում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն շինարարներին, ովքեր բարեխղճորեն իրագործում են պետական ծրագրերը՝ կիսելով այն գիտակցումը, որ կառուցում ենք մեր և մեր սերունդների որակյալ ապագայի համար։ Ձեր այսօրվա աշխատանքի լավագույն գնահատականը տալու են այն երեխաները, ովքեր վաղը սովորելու են նոր կառուցված հարմարավետ դպրոցներում և նախակրթարաններում, այն բուժառուները, որ սպասարկվելու են ժամանակակից պայմաններով հագեցած բժշկական հաստատություններում, այն մարդիկ, ովքեր լավ կառուցված ճանապարհներով կարողանալու են արագորեն և անվտանգ երթևեկել»։

Շնորհավորական ելույթներով հանդես են եկել նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը:

Ելույթներին հաջորդել է պարգևատրման արարողությունը: