Երկուշաբթի, 12 Օգոստոսի 2024 13:47
Ալեքսանդր Ավանեսով

ՊԵԿ. 2025 թվականի մարտին Հայաստանում կավարտվի Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող մաքսային վարչարարության երկրորդ ծրագիրը

ՊԵԿ. 2025 թվականի մարտին Հայաստանում կավարտվի Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող մաքսային վարչարարության երկրորդ ծրագիրը

Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի միջև տեղի են ունեցել համատեղ հանդիպում-քննարկումներ՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող, «Մաքսային վարչարարության զարգացման» 2-րդ ծրագրի շրջանակում ներդրվող KPI համակարգի ներդրման աշխատանքների, ինչպես նաև Համաշխարհային Բանկի կողմից իրականացվող այլ աշխատանքների ու ծրագրերի արդյունքների վերաբերյալ։ ՊԵԿ-ի  հաղորդագրության համաձայն, միջոցառմանը մասնակցել են Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային Բանկի ներկայացուցիչները։

ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը, ողջունելով ներկաներին բարձր է գնահատել Համաշխարհային Բանկի հետ համագործակցությունը՝ ընդգծելով համատեղ իրականացված բարեփոխումները, այդ թվում՝ էլեկտրոնային համակարգերի թվայնացումը: ՊԵԿ ռազմավարական ծրագրերի իրականացման գործում ՊԵԿ նախագահի տեղակալի խոսքով՝ Համաշխարհային Բանկը ոչ միայն ֆինանսավորում և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում, այլ նաև աջակցում է համակարգերի ներդրմանը` ապահովելով տարբեր երկրներից ներգրավվող մասնագիտական խմբերի մասնակցությամբ միջազգային լավագույն փորձի կիրառումը:

Միջոցառման ընթացքում, Համաշխարհային Բանկի հարկային և մաքսային ծրագրերի համակարգող Անահիտ Բասենցյանը կարևորել է Պետական եկամուտների կոմիտեի համագործակցությամբ իրականացվող ծրագրերն ու արձանագրված արդյունքները։ Նկատելով, որ վերջին երկու տարիները բավականին ծանրաբեռնված էին հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումների առումով՝ Համաշխարհային Բանկի ներկայացուցիչը միաժամանակ ընդգծել է, որ ՊԵԿ-ը պատրաստակամ է եղել խորհրդատվության արդյունքների կիրառելիության և շարունակականության ապահովման հարցում:

Միջոցառմանը ներկայացվել են Համաշխարհային Բանկի կողմից իրականացված «Հարկային և մաքսային վարչարարության արդիականացման» ծրագրի, ԵՄ կողմից ֆինանսավորվող «Առևտրի դյուրացման» ծրագրի, Մաքսային վարչարարության զարգացման» 2-րդ ծրագրի արդյունքները, ինչպես նաև ընթացիկ այլ աշխատանքները, մասնավորապես, միասնական հաշիվների, պետական տուրքի հաշվառման ավտոմատացման և դրոշմանիշային վճարի հաշվառման ավտոմատացման ուղղությամբ աշխատանքներն ու արդյունքները։ Քննարկվել են նաև ծրագրերի շրջանակում հարկ վճարողների և ԱՏԳ մասնակիցների շրջանում իրականացված հարցումների արդյունքները:

Հիշեցնենք, որ «Մաքսային վարչարարության զարգացման» 2-րդ ծրագիրն ավարտվելու է 2025 թ. մարտին: Ծրագրի հիմնական արդյունքներն ուղղված են մաքսային գործընթացների բարելավմանը, ՊԵԿ կառուցվածքային և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, մաքսային վարչարարության նկատմամբ բիզնեսի վերաբերմունքի գնահատմանը: