
Արմինֆո. Վրաստանի կառավարությունը Մառնեուլի շրջանում սեփականատերերից հող է օտարում՝ դեպի Հայաստանի հետ սահման Ռուսթավի-Սադախլո նոր մայրուղու կառուցման համար:
Ինչպես հաղորդում է "Նովոստի-Գրուզիա"-ն, էկոնոմիկայի նախարարի համապատասխան կարգադրությունը հրապարակվել է օրենսդրական տեղեկագրում: Նախագիծը ֆինանսավորում է Եվրոպական ներդրումային բանկը՝ Արևելք-Արևմուտք միջազգային նշանակության ճանապարհի նախագծի վարկային համաձայնագրի շրջանակում:
Նոր մայրուղին, որը կանցնի գոյություն ունեցող ճանապարհին զուգահեռ, կունենա չորս գոտի, իսկ դրա երկարությունը կկազմի մոտ 30 կմ՝ ներառյալ 11 կամուրջ և անցումներ: Շինարարությունը կարժենա 250 մլն եվրո։
Նշվում է, որ հրամանի տեքստից կարելի է եզրակացնել, որ հողի մի քանի սեփականատերեր հրաժարվել են վաճառել այն կամ չեն համաձայնել առաջարկվող գնին, և այժմ հողամասերի օտարումը տեղի կունենա հարկադիր կարգով: Հրամանում հղում է կատարվում Վրաստանի Սահմանադրության 19-րդ հոդվածին, որի համաձայն, սեփականության բռնագրավումը թույլատրվում է սուր հասարակական կարիքների դեպքում ՝ ամբողջական եւ արդարացի փոխհատուցման պայմանով: Հրամանում նշված են Մառնեուլիի շրջանի գյուղական բնակավայրերի երեք սեփականատերեր, որոնց հողերն անհրաժեշտ են ճանապարհի կառուցման համար. Վանո Գոմիաշվիլի, Ռենատ Քերիմով և Նաիբ Ամիրով։ Նախարարի հրամանը մեկ ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Թբիլիսիի քաղաքային դատարանի վարչական գործերով կոլեգիայում: